կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-21 15:05
Սպորտ

3x3 բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

3x3 բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

3x3 բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հուլիսին մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքն անդրադարձել է հավաքականի նորեկներից մեկին՝ Կոնստանտին Միրզոյանցին:



Ծնվել է՝ 30.01.1989
Հասակը՝ 203սմ
Քաշը՝ 100կգ
Ակումբը՝ «Տամբով», Ռուսաստան


Կոնստանտին Միրզոյանցը 2013/14թթ. ռուսական «Տամբով» թիմի լավագույն խաղացողն է: 25-ամյա հարձակվողը մայիսին ժամանել էր Երեւան եւ «Յունիոնի» կազմում նվաճեց Հայաստանի գավաթը:

 

«Ես մասնակցել եմ նաեւ Համահայկական խաղերին, սակայն այս տարվա մայիսին կատարած այցի ժամանակ ավելի շատ շրջելու հնարավորություն ունեցա: Զբոսնեցինք ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մի քանի այլ բնակավայրերում: Շատ տպավորված հեռացա Հայաստանից եւ անհամբեր սպասում եմ, թե երբ է լինելու հայրենիք այցելելու հաջորդ հնարավորությունը»,- basket.am-ի հետ զրույցում նշել է Միրզոյանցը:

 

«Ես մեծ ուրախությամբ ընդունեցի Հայաստանից ստացված հրավերը, քանի որ միշտ էլ ցանկացել եմ օգտակար լինել իմ հայրենիքին: Այժմ կա այդ հնարավորությունը, եւ պետք է ներդնել բոլոր ուժերը, որ կարողանանք դուրս գալ եզրափակիչ: Եվրոպայում թույլ մրցակիցներ չկան, բոլորն էլ ձգտելու են հասնել իրենց նպատակին: Մենք վստահ ենք մեր ուժերին եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»:

 

Կոնստանտինը բնակվում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որտեղ հունիսի 28-ին կայանալու է 3x3 բասկետբոլի միջազգային մրցաշար. «Այդ մրցաշարին մասնակցելու են նաեւ Հայաստանի հավաքականի անդամները: Դա լավ առիթ է, որ մենք լավ նախապատրաստվենք հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Կարծում եմ, որ մենք ունենք լավ հնարավորություններ, քանի որ հավաքականում ընդգրկված են փորձառու տղաներ: Հաղթելու ցանկությունը շատ մեծ է»:

 

Հավելենք, որ 3x3 բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հայտնվել է 1-ին ենթախմբում, որտեղ 11 հավաքական պայքարելու է եզրափակիչ փուլի 5 ուղեգրի համար: