կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 12:58
Տնտեսական

Դուք գիշերը լա՞վ եք քնում. Արծվիկ Մինասյանը` Արտեմ Ասատրյանին

Դուք գիշերը լա՞վ եք քնում. Արծվիկ Մինասյանը`  Արտեմ Ասատրյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, եր քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված` կուտակային կենսաթոշակային նոր օրենքի փաթեթը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց հիմնական զեկուցող` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. «Եթե երեկ լիներ, պետք է հարցնեի` Դուք գիշերը լա՞վ եք քնում, բայց այսօր հարցերի շրջանակը ընդլայնվել է: Ուզում եմ Ձեր համոզմունքը հասկանալ, Դուք իսկապե՞ս գտնում եք, որ «պարտադիր կուտակային վճար» բառակապակցությունը փոխենք «նպատակային սոցիալական վճար» բառակապակցությամբ, դրանից պարունակությունը փոխվում է: ՍԴ իրավական դիրքորոշումներում ամրագրված է, որ կայուն սոցիալական պաշտպանության համար անհրաժեշտ է ձևավորել պետություն-գործատու-աշխատող եռամիասնությունը և դրանով ապահովել անձի կենսաթոշակային համակարգի իրավունքը: Ձեր բերած փաթեթում որտե՞ղ է գործատուն մասնակցում:

 

ՍԴ որոշմամբ ամրագրված էր նաև, որ ԱԺ-ն և կառավարությունը պատշաճ հսկողությամբ վերահսկողության մեխանիզմներ պետք է գործադրեն: Ըստ էության, ոչինչ չփոխելով, ԱԺ-ն որտե՞ղ պետք է մասնակցի` վերահսկողություն իրականացնելու հարցում: Խոսում եք հանրային ծառայողների մասին, Դուք` որպես աշխատանքի նախարար, ով պետք է և պարտավոր է պաշտպանել աշխատողների իրավունքները, իսկապե՞ս մտածում եք, որ կարող եք որոշում կայացնել պետական հատվածի ծառայողների համար` առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, պարտադրել նրանց ինչ-որ քայլեր, էլ չեմ խոսում մասնավորի մասին»:

 

Նախարարը պատասխանեց. «Հանգիստ քնելու հետ կապված` երեկվա ու այսօրվա միջև տարբերություն չկա, որ երեկ ուզում էիք դա հարցնել, իսկ այսօր` ոչ: Իմ ներկայացրածի շրջանակներում եղել է թյուրըմբռնում: Մեր աշխատանքն օրական ութից տասը ժամ է տևում, և իսկապես դժվար է լինում դրանից հետո չլուծված խնդիրների պարագայում հանգիստ քուն ունենալ, դա հաստատ:

 

Պարտադիր կուտակային վճարի և սոցիալական նպատակային վճարի միջև տարբերությունները եթե Դուք ցանկություն չունեք տեսնելու, բնականաբար, չեք տեսնի: Իսկ եթե ցանկություն ունեք տեսնելու տարբերությունները, ապա ես ևս մեկ անգամ կնշեմ: Պարտադիր կուտակային վճարը պահվում էր` առանց պետբյուջե փոխանցելու, գնում էր ակտիվները կառավարողներին, իսկ նպատակային սոցիալական վճարը պետբյուջե է կատարվում և, սահմանադրաիրավական տեսանկյունից, իհարկե, համապատասխանում է, և այն հստակ նպատակ ունի` ապահովել պետության համամասնակցությամբ կենսաթոշակը: Գործատուների մասնակցությունն առկա է, ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում նպատակային սոցիալական վճարի մեջ, այլ տեսնում եմ լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիք»,:

 

Արծվիկ Մինասյանը արձագանքեց` ասելով, որ բոլորը պատրաստ կլինեին տեսնել սոցիալական երաշխիք, եթե պետությունը կամավոր համակարգ ներդներ, բայց ոչ ի հաշիվ արդեն հայտարարված և հուլիսի 1-ից օրենքի ուժ ստացող աշխատավարձերի բարձրացմամբ: «Ասում եք, թե համապատասխանեցրել եք Սահմանադրությանը, բայց կա իրավական ակտերի մասին օրենք, որ արդարադատության նախարարը պետք է տա եզրակացություն, ո՞ւր է այդ եզրակացությունը»,- հարցրեց պատգամավորը:

 

Նախարարը նշեց, որ արդարադատության նախարարության եզրակացությունը կներկայացվի լրացուցիչ: