կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-06 12:36
Հասարակություն

Մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկական պայմաններում. Գևորգ Պետրոսյանը` Արտեմ Ասատրյանին

Մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկական պայմաններում. Գևորգ Պետրոսյանը` Արտեմ Ասատրյանին

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, նշեց, որ նախարարի հետաքրքրությունները պետք է հավասարապես բաժին ընկնեն ոչ միայն սոցիալական ոլորտին, այլ նաև աշխատանքի ոլորտին:

«Եթե թերի չեմ ուսումնասիրել մեր տրամադրության տակ եղած նախագիծը, այստեղ որևէ դրույթ չկա աշխատողների աշխատանքի իրավունքի պաշտպանության ծախսման ենթակա գումարների մասին, սա բացատրեք»,- ասաց պատգամավորը:

Նախարարն էլ նշեց, որ այդ դրույթները կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով, որ այդպիսի առանձին ծրագիր երբևիցե նախատեսված չի եղել, նույնիսկ Պետրոսյանի` նախարար եղած ժամանակ, քանի որ, ըստ նախարարի, դրա կարիքը չկա: Պետրոսյանն էլ նշեց, որ խնդիրն այն է, որ աշխատանքի պետական քաղաքականությունը մշակելը դրված է նախարարի վրա:

«Իմ` նախարար աշխատելու ժամանակահատվածում Հայաստանում գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, որը պետական հսկողություն և վերասկողություն էր իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը պահպանելու նկատմամբ, իսկ այսօր դա լուծարվել է»,- հիշեցրեց Պետրոսյանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Առողջապահության տեսչությունն էլ, բացի երեխաների և հղի կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունից, որևէ այլ ձևով չի պաշտպանում մնացած աշխատողների շահերը:

«Իմ հարցը հետևյալն է` Դուք` որպես աշխատանքի ոլորտի պատասխանատու, չե՞ք գտնում, որ այս պայմաններում, հատկապես` մասնավոր սեկտորում, աշխատողները գտնվում են ստրկական պայմաններում: Այդ ոլորտը կարգավորող տեսչությունը չպետք է դիտորդի կարգավիճակով նայի այդ գործընթացին: Մի՞թե չէր կարելի այդ ուղղությամբ որոշակի գումարներ նախատեսել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ այս պահին չի տեսնում այդպիսի ծրագրի անհրաժեշտություն: Բացի այդ, նախարարի խոսքով, տեսչական բարեփոխումների պայմաններում բոլորը համակարծիք էինք, որ հնարավորինս պետք է սահմանափակել տեսուչների կամայական այցելությունները որևէ կազմակերպություն կամ գործատուի:

«Տեսչական բարեփոխումների նպատակը դրան է ուղղված եղել: Հիմա հարցը սա է` եթե մենք` որպես պետություն, վարչական կարգով չենք միջամտում գործատու և վարձու աշխատող հարաբերություններին, սա բերո՞ւմ է ավելի բարենպաստ մի վիճակի, որ կայանան աշխատողների իրավունքով զբաղվող արհմիությունները: Մենք պատրաստ ենք ավելի լիարժեքացնել այդ համակարգերը»,- ասաց Ասատրյանը: Ըստ նախարարի` այստեղ ոչ թե վարչական միջամտության խնդիր ունենք, այլ` այդ համակարգը կայացնելու:

«Եթե տեսուչը գործատուին աշխատավարձը պակաս վճարելու համար տուգանք էր վճարում, դա գնում է պետական բյուջե, բայց  գործատուն պարտադրված չէր տվյալ տուգանքի հիմք հանդիսացող իրավական ակտը կատարել, և այդ ամենը տեղափոխվում էր դատարան: Ավելի կարճ ճանապարհ կա դրա համար, և ինստիտուցիոնալ լուծումներն ավելի ճիշտ են»,- ընդգծեց նախարարը:

Պետրոսյանն էլ ասաց. «Պարո'ն Ասատրյան, խնդիրն այն է, որ աշխատող քաղաքացին մնացել է միայնակ պետության, դատարանի, գործատուի միջև: Արհմիություններն էլ գրեթե անգործության մեջ են: Նախարարությունը գոնե պետք է անգործի տպավորություն չթողնի»:

Ասատրյանը պատասխանեց, որ նախարարությունն իր գործառույթներն իրականացնում է և իրականացնելու է: