կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-06 12:50
Հասարակություն

Փաշինյանն առաջարկով դիմեց Արտեմ Ասատրյանին

Փաշինյանն առաջարկով դիմեց Արտեմ Ասատրյանին

ԱԺ-ում 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն երեք տարի կենսաթոշակները, ընտանեկան նպաստներն ու նվազագույն աշխատավարձերը չեն բարձրանում, բայց բյուջեի նախագծում գնաճի որոշակի ցուցանիշ ենք նախատեսում: Նա ընդգծեց, որ վերջին երեք տարիներին 10 տոկոս գնաճ է լինելու:

«Եթե կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում, մարդկանց ի՞նչ ուղերձ ենք հղում, չե՞նք ասում, արդյոք, որ ևս 10 տոկոսով պիտի վատ ապրեն»,- հետաքրքրվեց Փաշինյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից:

Ըստ պատգամավորի` բյուջեի նախագծից իր համար հասկանալի չէ, թե կառավարությունն ինչ կոնկրետ խնդիր ու ցուցանիշ է դնում` աղքատության վերացման հետ կապված։

Նախարարը պատասխանեց, որ աղքատության վերացման վրա ամենամեծ ազդեցությունը տնտեսական աճն է ունենում: «Մյուս կողմից` դա չի նշանակում, որ սոցիալական պաշտպանվածության ծրագրերը ևս ունեն ազդեցություն։ Յուրաքանչյուր տարի, ըստ պաշտոնական տվյալների, վերջին տարիներին ավելանում է կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցումը»,- նշեց նա։

Փաշինյանն առաջարկեց ավելացնել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստները՝ 50 հազարից դարձնելով 500 հազար՝ պնդելով, որ ցուցանիշները ցույց են տալիս, որ թեև ծնելիությունը նվազում է, բայց երրորդ, չորրորդ և հինգերորդ երեխաների ծննդյան թիվն ավելանում է, ինչը, հավանաբար, պայմանավորված է միանվագ նպաստի չափով, որը 1 մլրդ և ավելի դրամ է։

Ասատրյանը պատասխանեց, որ միանվագ նպաստի ավելացում չի ակնկալվում՝ նշելով, որ նպաստների համար նախատեսված 10 մլրդ դրամից միայն 71 տոկոսը հատկացվում է երրորդ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին։ «Այդ ծրագրով ցանկացած ավելացում մի քանի տասնյակ միլիարդներ է պահանջում»,- ասաց նախարարը։

Փաշինյանը հետաքրքվեց` արդյո՞ք հնարավոր չէ ավանդների վերադարձը չտրամադրել միայն 85 տարին լրացած քաղաքացիներին, որովհետև նրանց մի մասը չի հասնում մինչև 85 տարեկանի, հետևաբար` պետք է գումարը տրամադրել նրանց ժառանգներին։

Ասատրյանն էլ պատասխանեց, որ դա ոչ թե ավանդների վերադարձ է, այլ ներդրված ավանդի փոխհատուցում, որը տրվում է միայն անհատին։ Նախարարը նաև ընդգծեց, որ եթե երբևէ ՀՀ-ն կայուն հնարավորություն ունենա գումարներ վերադարձնելու, ապա կլինի հնարավորություն դա ավանդատուների ժառանգներին վերադարձնելու։