Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ առաջիկայում կվերանորոգվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես նաև կվերազինվի «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահը: Այս աշխատանքները կյանքի կոչելու համար ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջև նախատեսվում է կնքել ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագիր: Հայտնի է, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի հիմնանորոգման և վերազինման համար նախարարությունը համագործակցել էր այդ նույն ընկերության հետ:
Կառավարության այս որոշումների հաստատումից հետո լուրեր էին պտտվում, որ նախարարությունն առանց մրցույթ հայտարարելու է ընտրել ավստրիական ընկերությունը, ուստի, հավանաբար, հարմար առիթ է` գումար լվանալու համար:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն` պարզելու համար, թե ինչո՞վ է պայմանավորված այդ ընկերության ընտրությունը, ինչպե՞ս է տեղի ունենում այս կամ այն ընկերության ընտրությունը, արդյոք տեղի՞ է ունենում մրցույթ, թե՞ ոչ:
Մեր հարցմանն ի պատասխանն` նախարարությունից տեղեկացրեցին, որ ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիում»-ի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշակութային օբյեկտների վերազինման ծրագրերը ֆինանսավորվում են Ավստրիայի կառավարության կողմից` բանակցությունների արդյունքում արտոնյալ պայմաններով (0% տոկոսադրույքով) հատկացվող վարկային միջոցների հաշվին:
«Վարկային միջոցների տրամադրման պայման է հանդիսանում այն հանգամանքը, որ հատկացվող ֆինանսական միջոցների առնվազն 70%-ը պետք է իրացվի ավստրիական ընկերությունների միջոցով՝ ավստրիական ծագման ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ ինչպես ավստրիական «Վաագներ-Բիրո» ընկերությունը, այնպես էլ կոնսորցումում ընդգրկված մյուս կազմակերպությունները հանդիսանում են Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններ, որոնք իրականացրել են համաշխարհային մեծ ճանաչում ունեցող օպերային դահլիճների և համերգասրահների տեխնիկական վերազինումը (Թագավորական օպերային թատրոն /Լոնդոն/, Վիեննայի պետական օպերային թատրոն, Սիդնեյի օպերայի թատրոն, Մեծ թատրոն /Մոսկվա/, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն /МХАТ/, Կոպենհագենի օպերային թատրոն և այլն)»,- տեղեկացնում են նախարարությունից` հավելելով, որ, այո, ընկերության կողմից նույն պայմաններով են իրականացվել նաև օպերայի թատրոնի բեմի հիմնանորոգման և վերազինման աշխատանքները: