կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 14:16
Իրավական

Մարզահամերգային համալիրի արժեքն իջեցնելով` այն ուղղակի կվերցնեն սեփականատիրոջ ձեռքից

Մարզահամերգային համալիրի արժեքն իջեցնելով` այն ուղղակի կվերցնեն սեփականատիրոջ ձեռքից

«Մենք հավանոց, ախոռ չենք դարձրել Mարզահամերգային համալիրը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի աշխատակից և ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը` օրինակ բերելով մյուս պատմամշակութային հուշարձանները, որոնք սեփականաշնորհվելուց հետո իսպառ վերացվել են կամ կորցրել իրենց պատմամշակութային արժեքը:

 

Այն հակադարձմանը, թե դա իրենց պարտականությունն է եղել, Կ. Գրիգորյանը պատասխանեց, որ մյուսներն էլ են նման պարտականություններ ունեցել, սակայն կարողացել են իրավական լուսանցք գտնել և իրենց համար ցանկալին իրագործել:

 

Կ. Գրիգորյանի խոսքերով` կան լուսանկարներ, թե ինչ անմխիթար վիճակում է եղել համալիրը մինչև «ԲԱՄՕ» ընկերության կողմից սեփականաշնորհվելը. «Շենքն ուղղակի փլուզվում էր: Ապակիներ չլինելու պատճառով ձյունը թափվում  էր ներս»:

 

Սեփականաշնորհելուց հետո մոտ 42 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, վերանորոգվել, նորագույն տեխնիկայով է զինվել շենքը, ինչպեսև վերանորոգվել է հարակից Կիևյան կամուրջը: Իսկ ներկայումս ամսական 41 միլիոն դրամ է ծախսվում շենքի վրա:

 

Սակայն մոտ 10 միլիարդ դրամի վարկային պարտավորությունները չկատարելու կամ վճարումները ուշացնելու պատճառով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (ՄՄՀ) դրվել է աճուրդի ԴԱՀԿ գործակալության կողմից:

 

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, որ աճուրդի կազմակերպումը կատարվել է մի շարք խախտումներով: Մասնավորապես` «Հրապարակային սակարկումների մասին» օրենքը սահմանում է, որ աճուրդի հանված գույքը պետք է նկարագրվի ամբողջությամբ, այնինչ` լոտի մեջ նշված չի եղել, որ, կառավարությամն որոշմամբ, համալիրը համարվում է պատմամշակութային հուշարձան:

 

Փաստաբանը հայտնեց նաև, որ երեկ վերաքննիչ դատարանում կայացել է «Մարզահամերգային համալիրն ընդդեմ ԴԱՀԿ-ի» գործով հերթական նիստը, որին, սակայն, ինքը չի մասնակցել. «Պատճառն այն է, որ ինձ առաջարկեցին ստորագրել գաղտնիության փաստաթուղթ, ինչից ես հրաժարվել եմ: Ամբողջ գործընթացը անցել է դռնբաց, և չեմ կարծում, թե այս դեպքում կա գաղտնիություն պահելու խնդիր»:

 

Նշենք, որ այս գործով ՄՀՀ-ն դատական կարգով պահանջում է առոչինչ ճանաչել ԴԱՀԿ-ի` ՄՀՀ-ն աճուրդի հանելու որոշումը: Փաստաբանը հայտնեց, թե, քանի որ այս գործընթացը դեռևս շարունակվում է, այսինքն` աճուրդի վերաբերյալ դատավարություն է ընթանում, ապա սա ևս մեկ վկայություն է, որ աճուրդը կազմակերպվել է ապօրինի:

 

Կ. Գրիգորյանի խոսքով` համալիրը մեկ սենյականոց բնակարան չէր, որ այդպես հեշտ գին որոշեին ու դնեին աճուրդի: Բացի դրանից` այն պատմամշակութային հուշարձան է համարվում, նաև ինքնատիպ կառույց է, գինը որոշելու դեպքում նույնիսկ որևէ կառույցի հետ չէին կարող համեմատել: Հետևաբար, աճուրդային գին որոշելու համար պետք է հանձնաժողով հրավիրվեր, քննարկումներ լինեին, հաշվի առնվեր սեփականաշնորհելուց այս կողմ որքան ներդրում է կատարվել և այլն: Եվ այս դեպքում գինը 100 միլիոն դոլարից պակաս չէր կարող լինել:

 

Սակայն ՄՀՀ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը մտավախություն ունի, որ, պարբերաբար աճուրդի հանելով և գինը նվազեցնելով, կհասնեն պարտքի գումարի չափին, այսինքն` մոտ 10 միլիարդ դրամին, և շենքը պարզապես կվերցնեն իրենցից: Իսկ թե ո՞վ կվերցնի, Կ. Գրիգորյանը պատասխանեց. «Ամեն ինչ դեռևս վարագույրների հետևում է կատարվում, սակայն ժամանակը կգա, ամեն ինչ կպարզվի»:

 

Նշենք, որ այսօր ՄՀՀ-ն կրկնակի աճուրդի հանելու վերջին օրն է, և դրանից հինգ օր անց այն կրկին աճուրդի է դրվելու` նախորդ գնից 10 տոկոս ավելի ցածր գնով: Նախնական գինը եղել է մոտ 19 միլիարդ դրամ, իսկ երկրորդ աճուրդի ժամանակ գինն իջեցվել է մոտ 17 միլիարդ դրամի: Մինչ այժմ առաջարկություններ չեն եղել:

 

Կ. Գրիգորյանը նշեց նաև, որ ՄՀՀ սեփականատերը բավական հանգիստ է վերաբերվում խնդրին և պատրաստվում է ամեն ինչ անել` օրենքի սահմաններում պայքարելու համար: Նա նշեց նաև, որ ունեն համապատասխան միջոցներ` այդ պարտքերը մարելու համար, և դա կարող են անել մեկ-երկու տարում: Իրենց պետք է հավելյալ այդ մեկ-երկու տարի ժամկետը: