Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (ՄՀՀ) կառավարության որոշմամբ հանձնվել է պաշտպանության նախարարությանը: Այնինչ` դա չպետք է արվեր, քանի որ վարչական դատարանում արգելադրված գույքն աճուրդի հանելու վերաբերյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու մասին հայցապահանջ կա: Գործով պատասխանող է ԴԱՀԿ ծառայությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՄՀՀ շահերը ներկայացնող փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, որ վարչական դատարան դիմել են մայիսի 26-ին, սակայն առաջին դատական նիստը նշանակվել է երեկ` սեպտեմբերի 29-ին: Եվ հենց խելամիտ ժամկետներում քննություն չիրականացնելու հիմքով փաստաբանը դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել:
Երեկվա նիստում, Ա. Հակոբյանի խոսքով, դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն մինչ այդ որոշումն ընդունելը չի հարցրել կողմերի կարծիքը: Եվ հենց այս հիմքով փաստաբանը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է արել դատարանին: Դատարանը, դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ, առանց քննության է թողել երկրորդ միջնորդությունը` պատճառաբանելով, թե դրա և նախորդի հիմքերը նույնն են:
Նշենք նաև, որ վերոհիշյալ գործով ՄՀՀ ներկայացուցչի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը նույնպես մերժվել է: Այս գործով հաջորդ դատական նիստ չի նշանակվել, որպես պատճառ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը: Հայտնել են, թե կողմերին գրավոր կծանուցեն նիստի մասին:
Փաստաբանի խոսքով` ԴԱՀԿ-ն իրավասու չէր աճուրդի հանել գույքը, քանի դեռ աճուրդի հանվելու որոշումը վիճարկվում է, և դեռևս չկա վերջնական դատական ակտ, այնինչ` կազմակերպել է 7 անօրինական կրկնաճուրդ, որից հետո էլ գույքը հանձնվել է պաշտպանության նախարարությանը:
Արմինե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ վարչական դատարանում վիճարկվել է նաև կառավարության` ֆինանսների նախարարության կողմից մորատորիում չկիրառելու մասին որոշումը: Առաջին ատյանը բավարարել է ֆինանսների նախարարության պահանջը: ՄՀՀ ներկայացուցիչը դիմել է վերաքննիչ դատարան, սակայն բողոքը մերժվել է, ներկայումս դիմել են վճռաբեկ դատարան: