կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 13:13
Քաղաքական

Դատապարտված ենք բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը. Ռոբերտ Նազարյան

Դատապարտված ենք բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը. Ռոբերտ Նազարյան

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԲՀԿ խմբակցության պահանջով հանդիպել է խմբակցության պատգամավորների հետ` պարզաբանումներ տալու էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 4 դրամով թանկացնելու դրդապատճառների մասին։

 

ԲՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է։ «Միշտ, երբ որ սակագների վերանայում է լինում, և մենք ստիպված ենք լինում բարձրացնել, ես ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու։ Որովհետև ես ինքս էլ ձեզ նման սպառող եմ, ու մեզ շատ հարազատ, մոտիկ մարդիկ, նաև, ի վերջո, մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու։ Իհարկե, խնդիր է, կոմունալ ծառայությունների ամեն մի բարձրացում մարդկանց գրպանին է խփում։ Բայց ես կարծում եմ, այդ խնդիրը պետք է լուծի կառավարությունը` իր սոցիալական ծառայությունների մեջ փոփոխություններ մտցնելով»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

 

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` այդ 4 դրամ ավելը, որը սպառողը վճարելու է, տարեկան մոտավորապես յուրաքանչյուր ընտանիքի վրա 8-9 հազար դրամ բեռ է առաջացնելու։

 

«Բայց դատապարտվա՛ծ ենք բարձրացնել։ Եթե անգամ 0,5 տասնորդական տոկոսի հնարավորություն լիներ չբարձրացնելու, ես խոստանում եմ՝ մենք այս քայլին չէինք գնա։ Մեզ համար էլ շատ դժվար է լսել լրատվամիջոցներում տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին, լսել ժողովրդի վրդովմունքը: Եթե մենք այս ստիպողական քայլերը չանենք, 2-3 տարի հետո մեզ կարող են լիարժեք մեղադրել` ինչո՞ւ ժամանակին կայունություն չեք ապահովել»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

 

Նա հավաստիացրեց, որ այսօր արդեն 16 միլիարդ 600 միլիոն դրամի վնաս ունի ընկերությունը, վարկային մեծ պորտֆել է կուտակել, որի սպասարկման աղբյուրը չկա, և կարող է սնանկանալ:

 

«Մենք, այո, անկախ մարմին ենք և ինքներս ենք ամբողջ պատկերը ներկայացրել և՛ ՀՀ վարչապետին, և՛ ՀՀ նախագահին, նրանց տեղյակ ենք պահել, որ նման բան է սպասվում։ Նրանց արձագանքը եղել է այն, որ հարցրել են` կա՞ հնարավորություն ավելի քիչ բարձրացնելու կամ չբարձրացնելու, ես ներկայացրել եմ, որ ո՛չ, հնարավորություն չկա»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: