կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 18:13
Հասարակություն

Ես հո Նոստրադամուսը չեմ, որ իմանամ՝ գազի գինը կբարձրանա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Նազարյան

Ես հո Նոստրադամուսը չեմ, որ իմանամ՝ գազի գինը կբարձրանա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Նազարյան

Այսօր գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի քննարկմանն էին մասնակցում նաև ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նիստի քննարկումները տևեցին երեք ժամից ավելի: Նիստից հետո էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ ոտքի վրա դժվարանում է խոսել:

 

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին՝ արդյոք նպաստելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, պատասխանեց, որ ոչ միայն նպաստելու է, այլեւ անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանձնաժողովն արդյունավետ աշխատի և կարողանա հանրությանը սպառիչ պատասխաններ ներկայացնել: Մեր հարցը` հնարավո՞ր է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում աղմկոտ բացահայտումներ, հետևաբար՝ դատական գործընթացներ լինեն, Ռոբերտ Նազարյանին դուր չեկավ: Նա ասաց, որ իրեն սխալ հարց է ուղղվում: Եվ երբ հստակեցրինք, որ նկատի ունենք «Հայռուսգազարդի» սպառողների հանդեպ իրականացված հնարավոր խարդախությունները, և խոսքը սպառողի իրավունքների պաշտպանության մասին է, Ռոբերտ Նազարյանը կրկին տարակուսեց. «Երիտասարդ լրագրող եք, ինչո՞ւ եք նման հարցեր տալիս»:

 

«Ինձ ինչի՞ համար եք տենց հարց տալիս: Դուք ինձ հարցնում եք` ինչ կանեք, ես ասում եմ` ամեն ինչ կանեմ, կաջակցեմ, օգտակար կլինեմ, որպեսզի հանձնաժողովը լիակատար պատկերացում կազմի այն հարցերի մասին, որոնք իրենց հետաքրքրում են»,- ասաց նա:

 

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ գազը թանկանա, նա պատասխանեց, որ գազի թանկացման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտ չի ստացել: «Չեմ կարող ասել` գազի գինը կթանկանա՞, թե՞ ոչ: Կարծում եմ` չէ, չի թանկանա, եթե նման բան լիներ, պետք է արդեն ներկայացված լինեին հայտերը: Ես տեղյակ չեմ Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներից, ես տեղյակ կլինեմ այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն մեզ սահմանի վրա գազի գնի բարձրացման վերաբերյալ հայտ ներկայացնի: Ես հո Նոստրադամուսը չեմ, որ իմանամ` գազի գինը կբարձրանա՞, թե՞ ոչ: Կարծում եմ, որ` ոչ, դա իմ լավատեսական կարծիքն է»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է գազի կալորիականությանը, Նազարյանը նշեց, որ այդ հարցերի մեծ մասը նույնպես քննարկվելու է ժամանակավոր հանձնաժողովում: Նա նաև հավելեց, որ կառավարությունը նույնպես ստեղծել է հանձնաժողով, որպեսզի վերլուծություններ կատարի և համապատասխան եզրակացություններ ներկայացնի վարչապետին` այդ ոլորտում վիճակն ավելի հասկանալի և պատկերավոր դարձնելու համար: