| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնի է, որ ՀԷՑ-ից բացի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ են ներկայացրել 7 ընկերություններ: Դրանցից է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն:
Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ընկերությունը մտադիր չէ սակագին բարձրացնել, հայտում տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ են, որոնք շատ չնչին կարող են ազդել սակագնի վրա: «Հստակ ասում եմ, որ մենք սակագնի փոփոխություն չենք նախատեսում ու նման մտադրություն չունենք»,- ասաց նա:
Միաժամանակ, Հովակիմյանը կարծիք հայտնեց, որ սակագինը կախված չէ մարդկանց սոցիալական վիճակից, և որ ամեն ապրանք ու ծառայություն իր գինն ունի, թեև ընդունեց, որ երկրում սոցիալական վիճակը վատ է: ՋԷԿ-ի գլխավոր տնօրենը նշեց, որ իրենց արտադրանքի 90 տոկոսը գազի գինն է կազմում:
Հովակիմ Հովհաննիսյանը պատմեց, որ անցյալ տարի իրենց ընկերությունը կանգնեց դոլար-դրամ տատանումների խնդրի առաջ, որովհետև իրենց պայմանագրերը` բնական գազի համար, կնքված են դոլարով վճարման պայմանով: Տատանումների ժամանակ ընկերությունը 930 միլիոն դրամի վնաս է կրել, այլ ֆինանսավորման աղբյուր չկա, և բոլոր օբյեկտիվ վնասները ծածկվում են սպառողի հաշվին, ինչը բացասաբար է անդրադառնում կյանքի մակարդակի վրա:
«Երևանի ՋԷԿ»-ի տնօրենը նշեց, որ կարծիք չի կարող հայտնել ՀԷՑ-ի ներկայացրած հայտի մասին, որովհետև մանրամասն չի տիրապետում տեղեկատվությանը, թե ինչի հաշվին են ցանկանում նրանք թանկացնել էլեկտրաէներգիան: Ի դեպ, նույն ՀԷՑ-ը բավականին գումարներ է պարտք «Երևանի ՋԷԿ»-ին:
Մեր հարցին` ինքը` որպես արտադրող, հասկանո՞ւմ է բողոքի այն ալիքը, որը կարող է առաջացնել էլեկտրաէներգիայի թանկացումը, Հովակիմ Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի մասով հասկանում եմ, բայց մյուս մասով չեմ հասկանում. պետք չէ ժողովրդին գրգռել, որովհետև դա արհեստականորեն ժողովրդին գրգռելու տարբերակ է»: