կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-05 14:05
Հասարակություն

Պետությանը վիզ փող է պետք, դրա համար էլ թանկացրել է էլեկտրաէներգիան

Պետությանը վիզ փող է պետք, դրա համար էլ թանկացրել է էլեկտրաէներգիան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «խայտառակություն, ծաղր ու գժանոց» որակեց էլեկտրաէներգիայի սակագների հերթական բարձրացումն ու գազի գնի հնարավոր թանկացման մասին փաստերը:


Նա նշեց, որ զավեշտալի է այն պատճառաբանությունը, որով սակագնի բարձրացումը հիմնավորել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:


«Գրած է, որ հարկավոր է 20 միլիարդ դրամ, այսինքն` իրենք հակառակ ծայրից են գալիս: Պետությանը և կառույցին հարկավոր է այսքան գումար, վիզ պետք է, ուրեմն որոշել են թանկացնել էլեկտրաէներգիան: Կարող է իրենց պետք լիներ 100 միլիարդ դրամ, էլեկտրաէներգիայի գինը կավելացնեին 100 դրամով, ի՞նչ խնդիր կա որ: Ինձ էլ ա շատ գումար պետք, ի՞նչ անեմ, դիմեմ Ռոբերտ Նազարյանին, ասեմ` թանկացրու, մի մասն էլ բեր տուր ի՞նձ»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ դա առնվազն ծաղր է, և իշխանությունները պետք է պատասխան տան:


Ինչ վերաբերում է օրերս գազի գնի թանկացման վերաբերյալ մամուլի հրապարակումներին, նա նշեց, որ կա հստակ հակասություն, որովհետև մաքսային տվյալներից հստակ երևում է, թե որքան գումար է մուծվել, ստացվում է` 220 դոլար, այսինքն` 30 դոլարով ավելացել է գազի համար վճարվող գինը: Արամ Մանուկյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդ»-ը տալիս է լրիվ ուրիշ թվեր` գնի ու ծախսի առումով:


«Ես փորձել եմ ճշտել գների կարգավորման հանձնաժողովի միջոցով, և իրենք ասում են, որ դա 20 տոկոս մասնաբաժինը վաճառելու գումարի մարման պրոցեսն է, բայց դա միանշանակ չէ, տրամաբանական էլ չէ, քանի որ չի բացատրվում, թե ինչպես կարող է այդպես լինել: Մենք պարտք էինք 150 միլիոն դոլար, որը դեկտեմբերի որոշումով փակվել-պրծել էր: Հիմա ինչո՞ւ մենք այս տարի մաս-մաս պետք է մուծումներ անենք: Եթե այդպես է, դա պետք է գրվեր առանձին տողով, որ պարտք պետք է մուծենք, բայց որևէ այդպիսի բան չկա գրված պայմանագրում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այս հարցով դեռևս վերջնական պատասխան չկա:

 

Որպես գազի հանձնաժողովի անդամ` Արամ Մանուկյանը դիմելու է հանձնաժողովի բոլոր անդամներին, որ նրանք շատ արագ դիմեն կառավարությանը և «Գազպրոմ»-ին` ճշտելու համար այդ թյուրիմացությունը:


«Այս պահին դա ինձ համար դեռևս թյուրիմացություն է: Ես չեմ կարող հայտարարել, որ գազի գնի թանկացում է տեղի ունեցել: Տեղի է ունեցել դեռևս անճշտություն: Արագ պարզելուց հետո ես մամուլին կտեղեկացնեմ»,- ասաց նա:


Yerkir.am-ի հարցին` ի վերջո, ի՞նչ է սպասվում հասարակ քաղաքացուն ձմեռնամուտին, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Հասարակ քաղաքացին եթե պետք է մինչև ձմեռ դիմանա, համբերի ու այս այլանդակությունների առաջ կքվի, ես այդ քաղաքացուն կոչ կանեմ մինչև ձմեռ չսպասել, որովհետև ձմեռվա հարցերը լուծում են ամռանը կամ աշնանը»: