Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հաճախ են «մեղադրում» ջահել լինելու ու քաղաքը կառավարել չկարողանալու մեջ: Բայց «ջահելը» կարող էր գոնե իրեն շրջապատել ոչ թե ավելի ջահելներով, այլ գործից գլուխ հանող, հասուն եւ խելացի աշխատակիցներով:
Վերջին օրերին Yerkir.am-ը երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ քաղաքապետարանի առավել երիտասարդ աշխատակիցների աշխատաոճից հոգնած քաղաքացիներից հաճախ է ահազանգեր ստանում: Առաջինը ստացել ենք օրեր առաջ. քաղաքացին դժգոհեց, որ քաղաքապետարանի ջահելները` ՀՀԿ-ի կրծքանշանների «դոշին», կոնկրետ իրենից պահանջել են տուգանք վճարել: Պարզ `«ինչո՞ւ, ինչի՞ համար» հարցին, քաղաքապետարանի խելոքները պատասխանել են, թե քաղաքացու արտադրամասի դռան վրա ցուցանակով մատնանշած չեն աշխատանքային ժամերը: Մարդը բացատրել է, որ իրենք այցելել են ոչ թե խանութ կամ սրճարան, այլ գործարան, որտեղ եթե աշխատանք լինի, պատվերներ լինեն, իրենք կաշխատեն նույնիսկ հանգստյան օրերին` համապատասխանաբար հավելյալ վճարելով աշխատակիցներին, և հենց դրա համար էլ պարտավոր չէ նշել աշխատանքային ժամերը: Մեկ է` անդրդվելի երիտասարդներին բացատրել չի հաջողվել, տուգանել են, դեռ մի բան էլ մուննաթ եկել` գործարար մարդ ես, երեսուն հազարն ի՞նչ է, որ չես վճարում:
Քաղաքապետարանի ջահելների մի նոր «արկածի» մասին էլ լսեցինք այսօր: Ուրեմն` դռնեդուռ ընկած, օբյեկտ առ օբյեկտ (իրենց լեզվով) թակում են դուռն ու պահանջում օբյեկտի դիմաց կանաչապատում չանելու համար պարտադիր վճարվելիք տուգանքի հերթական բաժինը` հայտարարելով, որ օրենքն է պահանջում: Հասկացանք, որ, հետեւելով Տարոն Մարգարյանին, քաղաքապետարանի աշխատողները ամենաառաջնային են համարում ծաղիկ տնկելը, բայց դե գոնե կարելի է, չէ՞, ամեն ծառ ու թուփ տնկելուց առաջ քաղաքապետը հիշեցնի, որ պետք է հետեւել իր օրինակին եւ հարակից տարածքները կանաչապատել: Թե չէ մի տեսակ հիմար վիճակ է ստացվում` հեռուստատեսությամբ գլուխ են գովում թե այսքան-այնքան տարածք կանաչապատել են, հավանաբար` նաև դրա համար գումարներ դուրս գրում, իսկ իրականում տուգանում են տնտեսվարողներին, որ կանաչապատմամբ չեն զբաղվում` մոռանալով, որ ոչ բոլոր տնտեսվարողներն են ագրոնոմներ:
Մի բան էլ` նոյեմբերի երկրորդ կեսին մարդկանց տուգանել, ինչ է, թե կանաչապատման աշխատանքները հավուր պատշաճի չեն իրականացվում, աբսուրդի ժանրից է: Հավանաբար` Տարոն Մարգարյանի օրացույցում դեռ մարտ ամիսն է, կամ էլ, ինչպես ասում են, «վիզ» փող է պետք:
Բ. Գասպարյան