կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 16:53
Քաղաքական

Նախագահն ու ժամանակը

Նախագահն ու ժամանակը

Նախարարություններում և գերատեսչություններում իր «ավանդական» հանդիպումների շարքում երեկ հերթն արտաքին գործերի նախարարությանն էր, որի կենտրոնական ապարատի աշխատակիցների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ զուգահեռաբար թեթևակի մամուլի ասուլիս տեղի չունեցավ (նախագահականում ակներևաբար խնայում են միջոցներն ու առաջնորդի ուժերը՝ զուգակցելով դրանք), բայց հայ դիվանագիտության առջև ծառացած ժամանակակից խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ նախագահի համապատասխան հրահանգներն ու ուղղորդումները արժանի էին ուշադրության:

 

Իսկապես, բոլոր նրանք, ովքեր չեն զլացել և ընթերցել են այդ հանդիպման ընթացքում նախագահի ելույթը, չեն կարող չնշել, որ նախագահը, մեծ հաշվով, ամեն ինչ ճիշտ է ասել: Սակայն կա մի խնդիր, որ նա, կարծում ենք, բոլորովին անտեղի աչքաթող էր արել՝ ժամանակը: Որ մեր նախագահը հաճախ է հայտնվում ժամանակից դուրս, որ ժամանակը հետ «պտտելու» և նույնիսկ խոր անցյալում հայտնվելու շնորհ ունի, ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց որ նա կարող էր այսչափ քամահրել ժամանակի գործոնը, իսկապես զարմանալի է:

 

Զարմանալի է, որ Աստանայի «դեպքից» հետո, որը հաստատ մեր դիվանագիտական մտքի տրիումֆը չէր, եթե չասենք՝ ֆիասկոն էր, և այնտեղ գործող գլխավոր «հերոսն» էլ ինքն էր՝ նախագահը, նա հարմար է նկատում, դեռ երկու օր «դեպքից» չանցած, գալ ու յուրայիններին դասեր տալ դիվանագիտությունից, դիվանագիտական աշխատանքի նրբություններից ու դիվանագետի պահվածքից:

 

Եվ ամենազարմանալին այն է, որ Աստանայի հիշողությունը նախագահին կարծես չէր խանգարում իր դասերը ուսուցանելիս: Ինչ վերաբերում է նախագահի դիվանագիտական խորիմաստությունները համակ ուշադրություն դարձած ունկնդրող լսարանին, հուսանք, որ այն կանսա առաջնորդի խոսքին, սակայն ամենևին չի հետևի դրա պրակտիկ գործադրման նրա վերջին «փորձառությանը»:

 

Բ. Գասպարյան