կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 15:10
Քաղաքական

Արցախը Հայաստան է

Արցախը Հայաստան է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` եթե Ալիևը Նազարբաևի միջոցով Ղարաբաղի հարցը բարձրացրել է, ապա մենք պետք է ոչ թե հարցին խուսափողական պատասխաններ տանք, այլ ամբողջական հարցը դնենք օրակարգում:

 

«Եթե ուզում եք քննարկել Ղարաբաղի հարցը, ուրեմն եկեք ամբողջական դա քննարկենք, իսկ եթե` ոչ, ուրեմն այդպիսի հպանցիկ, մակերեսային հայտարարություններով հարցի վրայով անցնելն անընդունելի է Հայաստանի համար: Այն հայտարարությունը, թե` «մեր պատկերացումներով` Արցախը Հայաստան չէ»… Իհարկե, մեր պատկերացումներով` Արցախը Հայաստան է, ու ճիշտ կլիներ արտահայտվել այնպես, որ կա մի գործընթաց, որի տրամաբանության հիմքում ընկած է Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը, ահա` ինչու մենք համարում ենք, որ Ղարաբաղը այդ ճանապարհով է իր հարցը լուծում, իսկ Հայաստանն այդ ճանապարհի երաշխավորն է: Բայց եթե այդպես էլ ասենք, իսկ ես կարծում եմ, որ դրա ժամանակը հասունացել է, ուրեմն պետք է բարձրացնել ԼՂՀ-ն Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակից լինելու հանգամանքը, և պայմանագիրը, որի մասին մենք վաղուց խոսում ենք, գնալով ավելի հասունանում է: Չի կարելի հարցերը թողնել անորոշ ձևակերպումներով»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռուստամյանը:

 

Նա համաձայն է, որ կարելի է, նույն Մաքսային միության անդամակցության հետ կապված, Ղարաբաղի հարցի կարգավորման ավելի նպաստավոր վիճակ ապահովել, և Ադրբեջանը դրանից վախենալով է, որ նման հարցադրումներով փորձում է թույլ չտալ, որ Հայաստանը, որևէ միության մեջ մտնելով, իր դիրքերն ամրացնի:

 

Ուստի, ըստ պատգամավորի, պետք է օգտագործել այն հանգամանքը, որ Ադրբեջանն այդ ձևաչափում չկա, Հայաստանն էլ ունի դե ֆակտո տնտեսական տարածք Ղարաբաղի մասով և չի պատրաստվում խաթարել այդ տարածքը: Նաև չպետք է թույլ տալ, որ այդ հարցում կիրառվեն երկակի ստանդարտներ: Պատգամավորի խոսքով` Ղարաբաղի հարցի քննարկումը ցանկացած միջազգային ատյանում Հայաստանի համար օգտակար է, և Հայաստանը պատրաստ է դրան, ավելի քան Ադրբեջանը:

 

«Պետք է առաջիկայում մտածել, որ ավելի հայեցակարգված ու խորքային պատասխան տրվի այս ամեն ինչին: Միայն ձևակերպել, որ այն, ինչ կատարվեց Աստանայում տհաճ էր, դա քաղաքական պատասխան չէ, այլ զգայական»,- ասաց Արմեն Ռուստամյանը: