կարևոր
3787 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-13 17:11
Քաղաքական

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն Արցախը չի ստորագրել, Արցախը չի հանձնել Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը, համաձայնությունը տվել է ՀՀ ղեկավարը․ Բալայան

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն Արցախը չի ստորագրել, Արցախը չի հանձնել Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը, համաձայնությունը տվել է ՀՀ ղեկավարը․ Բալայան

ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, նրանց կողմից առաջ տարվող թեզը, թե Արցախը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, կեղծ թեզ է։ Ստեղծված իրավիճակում Արցախն այդ շփումներից միայն տուժում է, կորցնում է, քանի որ ռեսուրսներ չունենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ պատագմավոր Վահրամ Բալայանը։

«Կարծում եմ՝ պետք է հեռու մնալ ադրբեջանցիների հետ հանդիպումներից։ Դա ոչ մի հարց չի լուծելու, ավելին՝ ամեն մի նման հանդիպում էլ ավելի է վատացնում վիճակը։ Եթե հանդիպումներ լինեն, ապա առնվազն միջազգային կառույցների ներկայությամբ, այլ ձևաչափով պետք է լինեն»,-ասաց Բալայանը։

Արցախի ԱԺ պատգամավորն ահազանգում է՝ Արցախում բավարար ռեսուրս չկա՝ Ադրբեջանին դիմակայելու համար. Հայաստանն անհապաղ պետք է դուրս գա դիտորդի կարգավիճակից ու վերսկսի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունը։

«ՀՀ իշխանությունները, փաստացի, հրաժարվում են պատասխանատվությունից։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն Արցախը չի ստորագրել. մենք չենք համաձայնել հանձնել Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը։ Այդ համաձայնությունը տվել է ՀՀ ղեկավարը։ Եթե նա ստորագրել է այդ համաձայնագրի տակ, ուրեմն պատասխանատու է դրա հետևանքների համար ու պարտավոր է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել և ոչ թե ասել՝ Արցախը թող Ադրբեջանի հետ իր հարցերը լուծի։ Ստեղծված վիճակում Ադրբեջանի հետ ցանկացած շփում ավելի է մոտեցնում վերջնական կործանումը»,-նշեց Վահրամ Բալայանը։

Դիտարկմանը՝ գուցե Արցախում հանրավահաքներ անցկացնելով հնարավոր լինի սթափեցնել Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայությանն ու փոխել իրավիճակը, Բալայանը պատասխանեց. «Երկու հուժկու հանրահավաքով արցախահայությունն իր կամքն ու անհանգստությունն արտահայտել է, Արցախի ԱԺ-ն է հայտարարություններ է ընդունել. հիմա այդ տեսակետերն իրացնելու համար աջակցություն է պետք։ Դա է, որ, ցավոք, չկա Հայաստանից ու Սփյուռքից։ Բացի այդ, շրջափակման պայմաններում, երբ մի լուցկի գտնելն անգամ խնդիր է, մարդիկ չեն կարող, վառելիք չունեն, որ ամեն օր հանրահավաքի դուրս գան։ Արցախում ապրողներն ամեն օր պայքարում են՝ այստեղ շրջափակված ապրելով, սահմանին կանգնած լինելով։ Դիմադրում են եղած ռեսուրսներով, բայց ռեսուրսներն անբավարար են։ ժողովուրդը պետք է սթափվի, ի վերջո, գիտակցի, որ կտոր-կտոր տալով հասնում են իր տանը»։