կարևոր
2887 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-04 00:08
Քաղաքական

Արցախը` դեպի ուժեղ Հայաստան տանող ճանապարհ. ՀՊՄՀ պրոֆեսորի տպավորությունները` Արցախի Անկախության օրվա ձեռնարկից

Արցախը` դեպի ուժեղ Հայաստան տանող ճանապարհ. ՀՊՄՀ պրոֆեսորի տպավորությունները`  Արցախի Անկախության օրվա ձեռնարկից

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանն անդրադարձել է Արցախի Անկախության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով ձեռնարկին` նշելով.

«Երեկ, Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձն էր։ Հերթականն էր, բայց և միաժամանակ առաջինը, երբ հայ ժողովուրդը այն դիմավորում էր հայաթափված ու բռնազավթված Արցախի իրողության պայմաններում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Վերադարձ» խորագիրը կրող ձեռնարկը։

Ցանկանում եմ հետևյալ տպավորությունս փոխանցել այդ ձեռնարկից․․․

Ժամանակակից հայոց պատմության մեկնակետը Արցախն է։ Տարածաշրջանում ուժեղ պետություն լինելու, որպես գործոն կայանալու գաղափարը խմորվել և գործնական տեսք է ստացել Արցախում կամ Արցախի շուրջ։ Արցախի ճակատագիրն է ուղորդելու Հայաստանի Հանրապետության վաղվա օրը։ Ապահով Հայաստանի Հանրապետություն առանց Արցախի չի լինի, կամ ընդհանրապես չի լինի։ Եվ սա ոչ թե քաղաքական տեսակետի պնդման կամակորություն է, այլ պատմական փաստերի, այսօրվա տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների, թշնամու վարքագծի դասագրքային վերլուծության վրա հիմնված եզրակացություն։

Դեպի ուժեղ Հայաստան տանող ճանապարհը Արցախով է անցնելու: Միաժամանակ Հայաստանի կործանումը Արցախի վերջնական կործանման շարունակությունը կարող է հանդիսանալ։ Մենք պարտավոր ենք կատարել մեր ընտրությունը. կամ՝ վերադառնալ Արցախ և շարունակել մեր ընթացքը պատմության մեջ, կամ՝ մերժել Արցախը և կործանվել:

Արցախին վերատիրելը հաղթած զգալու բերկրանք է, Արցախը կորցրած թողնելը՝ դավաճանված և պարտված, կոտրված զգալու դառնություն:

Պետք է վերահաստատել մեր համազգային նպատակը և հետամուտ լինել դրան: Հայկական ուժեղ պետություն ունենալու բանալին Արցախում է:

Հ․ Գ․ Անցյալ տարի՝ 2023 թ․ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրը ՀՀ նախագահական նստավայրում ընդունելություն էր տեղի ունեցել Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ (Հայկական դրամի 30-ամյակը լրանալու էր 2023 թվականի նոյեմբերի 22-ին, բայց օրվա իշխանություններն ընտրել էին սեպտեմբերի 2-ը՝ հավանաբար ուղերձ փոխանցելու, որ իրենք նախընտրում են «դրամը» Արցախի պետականության դիմաց)։ Բնականաբար անցյալ տարվա այդ օրը պետական մակարդակով Արցախի մասին ոչ մի խոսք չասվեց․․․

Արժեքների, սիմվոլիկաների, պետականության ընկալման, ժողովրդի պատմության խեղաթյուրման ալիքը դա էր և է թելադրում ․․․

Այս տարի պետական մակարդակով ավելի վատ դիմավորեցին սեպտեմբերի 2-ը։ Կամ, կարելի է ասել, ամեն ինչ արվեց, որ վատ դիմավորեին սեպտեմբերի 2-ը, որովհետև խեղաթյուրումը շարունակվում է․․․

Հ․Գ․-2 Եվ այնուամենայնիվ, Արցախը հայկական եղել է ու լինելու է․․․»: