կարևոր
3460 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-25 21:24
Արցախ

Արցախը ենթակա չէ վաճառքի, Արցախը աստվածապարգեւ Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է. Արցախի թեմի առաջնորդ

Մի մեծ առեւտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի, իսկ երկաթե շերեփավորները ախորժակները սրած սպասում են իրենց պատառին: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին իր ելույթում ասաց Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

«Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք ու փորձենք մենք մեզ խաբել, դրանից իրականությունը չի փոխվի, եւ ինչպես խրոնիկ հարբեցողի դեպքում է լինում, ամեն ինչ գնալու  է դեպի կործանում:  Արցախը ենթակա չէ վաճառքի, Արցախը աստվածապարգեւ Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է, Արցախը սրբություն է, Արցախը հող է, պատմություն է եւ ժողովուրդ է, այսօր կանգնել Արցախի կողքին, կնշանակի կանգնել մեր խղճի եւ արդարության կողքին, կանգնել արցախի կողքին կնշանակի կանգնել քաղաքակրթության եւ մարդու իրավունքների կողքին, կանգնել Արցախի կողքին կնշանակի կանգնել աստծու պատգամների կողքին»,-ասաց նա:

Արցախի թեմի առաջնորդը նշեց, որ այսօր ամենավատը անտարբերությունն է, եւ եթե մենք կրավորական դիրքով ու անտարբերությամբ  ենք հետեւում այս գործընթացներին, նշանակում է գործակից դառնալ Արցախը վաճառողներին: