Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
***
Սկզբում մենք խաղում ենք, որ մեծանանք, իսկ հետո խաղն ապրելակերպ կամ սովորություն է դառնում, իսկ խաղալիքներին փոխարինում են երկոտանիները:
Էդ տարիներին շատ բան չենք հասկանում, դրա համար էլ երջանիկ ենք, հետո մեծանում' դառնում ենք խղճուկ արարածներ, որովհետև հասկանալով հանդերձ ենք իբրև թե երջանիկ:
Սկզբում ցանկանում ենք հասկանալ' ինչ կա կաղապարի ներսում' դրա համար էլ կոտրում ենք ամեն ինչ, իսկ հետո սահմանափակվում եք արտաքինով' այդպես հարմար է ապրել:
Երեխա ժամանակ լացում ենք պաղպաղակի, փուչիկի կամ ծամոնի համար, լացում ենք չամաչելով, ցուցադրաբար, հետո մեծանում ու լացում ենք բոլորից թաքուն ' ինքներս մեզնից էլ ամաչելով:
Երեխա ժամանակ ամաչելով ենք ասում շնորհակալություն, հետո' ձևական:
Երեխա ժամանակ ոտքերի ծայրերի վրա ենք կանգնում, որ մեծ երևանք, հետո մեծանում ու չգիտենք' էդ մեծության հետ ինչ անել:
Մանկության տարիներին տորթ պատրաստելու համար պետք է ընդամենը ջուր ու ավազ, ճաշի համար' տերև ու քար, հետո' տորթ ու ճաշ պատրաստելու համար պետք է աշխատանք գտնես, հաշվարկես' գազով, թե հոսանքով ավելի էժան կնստի դրանք պատրաստելը:
Մանկության տարիներին ծառերի վրա թաքնվում ենք, ծառ բարձրանալով ինքնահաստատվում, մեր' մեծ լինելը ընկերներին ապացուցում, հետո այդ ծառերը խմանքով կտրում ենք, որ մեր երեխաները տաքանան:
Էդ տարիներին ցանկացած տարածք, որտեղ ջուր է լցված լինում' որպես լողավազան է մեզ ծառայում, իսկ հետո մինչ լողավազանում կամ ծովում լողալը ջրի բաղադրությունն ենք պարտադիր փորձաքննության ենթարկում:
Էդ տարիներին հրավառության ժամանակ անգամ հուզվում ենք, ուրախությունից <վայ, վույ>-ներս գցում, հետո' ոստիկանություն դիմում' հրավառությամբ մեր հանգիստը խաթարելու համար:
Մանկության տարիներին կռվում ենք, թե հանդեսի ժամանակ ով պետք է կանգնի առաջին շարքում, հետո մարդաշատ վայրերում աննկատ մի տեղ փնտրում, որ ոչ մեկի աչքին չերևանք:
Մանկության տարիներին սպասում ենք մեր ծննդյան տարեդարձին, սպասում ենք, որ ուշադրության կենտրոնում լինենք, բոլորը մեզ գովեն, հետո, հետո փախչում ենք ծննդյան օրերից, ծննդյան օրերը մի տեսակ հաշվետվություն են դառնում:
Երեխա ժամանակ նայում ենք բարձրահարկերին ու մտածում' տեսնես էս ոնց են սարքում, հետո մեծանում ու էլի զարմանում' տեսնես ում համար են սարքում:
Մանկության տարիներին Հունիսի 1-ը մեզ համար լավ առիթ է' կարուսելները վայելելու, 1-2 նվեր ստանալու, հետո մեծանում ենք ու փնթփնթում' այգիներում ասեղ գցելու տեղ չկար, անկապ միջոցառումներ են կազմակերպում, շոգ է' ուրիշ օր կտանենք երեխաներին զբոսանքի...
Կարինե Հարությունյան