|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսպիսով` շուրջ 2 տարի տևած ներկայացումն ավարտվեց: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Ելնելով դրանից` ԲՀԿ-ն էլ որոշել է առաջադրվելիք թեկնածուներից որևէ մեկին չսատարել: Այլ կերպ ասած` ԲՀԿ-ն ֆորմալ առումով որոշել է որևէ ձևաչափով ընտրություններին չմասնակցել կամ պահպանել քաղաքական չեզոքություն:
Ծառուկյանի չառաջադրվելն անակնկալ չէր: Որ այսպիսի հանգուցալուծում է լինելու, yerkir.am-ը գրել է դեռ ամիսներ առաջ: Իսկական անակնկալը ԲՀԿ-ի կայացրած երկրորդ որոշումն է` որևէ թեկնածուի չսատարելու մասին, մի պարագայում, երբ դեռևս որևէ քաղաքական ուժ կամ անհատ, բացառությամբ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի հովհաննիսյանի, առաջադրվելու մասին հայտարարություն դեռ չի արել, այսինքն` դեռ ամեն ինչ չափազանց անորոշ է: Այս հանգամանքը թույլ է տալիս անելու մի քանի դատողություն:
Առաջին` Գագիկ Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելը բացարձակապես կապ չուներ հանրային պահանջարկի հետ, որքան էլ դա համոզելու համար ԲՀԿ-ում կուրծք էին ծեծում: Սա կոնյուկտուրային իրողություններից բխած քայլ էր` պայմանավորված կոնյունկտուրային կուլիսային բանակցություններով ու հարաբերություններով: Եվ այդ հարաբերություններում ի հայտ եկած խնդիրները կամ գուցե պայմանավորվածությունները հանգեցրին նրան, որ այսօր Ծառուկյանը պետք է հենց այսպիսի որոշմամբ հանդես գար: Եթե առաջադրվելու հիմքը ոչ թե դա լիներ, այլ հասարակության կամ կուսակցության պահանջը, ապա Ծառուկյանը ոչ թե պետք է անցած այս ողջ ամիսների ընթացքում նույն այդ հանրությանն ու կուսակցականներին պահեր շարունակական սպասողականության մեջ` զուգահեռաբար Սերժ Սարգսյանի հետ վարչապետի պաշտոնի շուրջ գործարքային բանակցություններ վարեր, այլ պարզ ու հստակ, հենց սկզբից հայտարարեր, որ առաջադրվելու է ու ստիպեր թե' իշխանությանը և թե' ընդդիմությանը իրենց քաղաքականությունը կառուցել` ելնելով հենց այդ իրողությունից:
Նորմալ երևույթ չէ, երբ ԱԺ-ում մեծությամբ երկորդ խմբակցությունն ունեցող, մոտ 400 հազար քվե ունեցող կուսակցության ղեկավարը, որը հայտարարում է այլընտրանքային ուժ լինելու մասին, ոչ միայն ունեցած այլընտրանքային ծրագրերը, նպատակներն իրագործելու համար թեկնածու չի առաջադրում, այլ որոշում է չեզոքություն պահպանել: Նման ուժի համար այսօրվա իրավիճակում չեզոքությունը հավասարազոր է դասալքության:
Երկրորդ` ընտրություններին որևէ ձևաչափով չմասնակցելու որոշմամբ Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, ընդունի, թե չընդունի, կրկին գործում է կոնյունկտուրայի շրջանակում և բացառապես իշխանության շահերի համատեքստում: Որովհետև չեզոք դիրք գրավելը նշանակում է անորոշության մատնել սեփական հսկայական ընտրազանգվածին: Իշխանությանը հնարավորություն է տրվում նրանց մեծամասնության քվեի հետ վարվելու սրտների ուզածի պես: Իսկ այդ ընտրազանգվածը ոչ թե 10-15 տոկոս է, այլ 30-35, այսինքն` այնպիսի մի քանակ, որը կարող է ազդել ցանկացած ընտրության արդյունքների վրա: ԲՀԿ-ն հրաժարվում է տեր կանգնել իր այդ ռեսուրսին, նրան մատնում ինքնահոսի և հրաժարվում լինել քաղաքական գործոն:
Երրորդ` հատկապես որևէ թեկնածուի չսատարելու մասին որոշումը բացահայտում է այն իրական նպատակները, որոնք ԲՀԿ-ն դրել էր թե' ընդհանրապես այլընտրանքայնություն խաղալու, թե' առավել ևս միասնական օրակարգով ընդդիմության դաշտը կոնսոլիդացնելու և միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկի քողի ներքո: Դուրս գալով խաղից`ԲՀԿ-ն ուղղակի հաստատեց, որ դրանք իր համար ընդամենը կազմել են իշխանության հետ բանակցություններում օգտագործելու տակտիկական հնարանքներ ու գործիքներ: Երբ այդ գործիքների անհրաժեշտությունն այլևս չկա, առանց պատասխանատվության կարելի է դրանք դեն շպրտել ու պոչն անշառ ետ քաշել:
Եթե ԲՀԿ-ն բավականաչափ պատասխանատու լիներ և բավականաչափ հարգանք ու ազնվություն ունենար իր գործընկերների և հատկապես` նրանից սպասելիքներ ունեցող հասարակության նկատմամբ, ապա գոնե բարոյական նկատառումներից ելնելով պետք է սպասեր, մինչև պարզ կլիներ, թե ովքեր են առաջադրվելու և ըստ այդմ որոշեր` արժե՞ հանուն իր իսկ կողմից առաջինը շրջանառության մեջ դրված այդ նպատակների նրանցից որևէ մեկին սատարել, թե՞ ոչ: Թե' հիմա, թ'ե այս ամբողջ ընթացքում, Ծառուկյանն առաջնորդվել է հայտնի` «Եթե ոչ ես, ուրեմն` ոչ ոք» կամ «Ինձնից հետո` թեկուզ երկրաշարժ» եսակենտրոն սկզբունքներով: Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակի մեջ էին հայտնվելու մյուս ուժերը, եթե ամբողջապես հավատային Ծառուկյանի «այլընտրանքայնությանն» ու վճռականությանը և նրան սկզբից ևեթ սատարելու որոշում կայացնեին: Եվ գուցե լավ է, որ փուչիկը հենց այս փուլում պայթեց: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան ուշացած: Ամենեւին պետք չէ զարմանալ, թե ինչու էր ի սկզբանե ԲՀԿ-ն իրեն սատարող շրջանակներին լարում ընդիմադիր ուժերի ուղղությամբ: Պարզ է ` փուչիկի պայթունի ձայնը թուլացնելն ու այն ընդդիմադիրների վրա բարդելու ցանկությունն էր նման կեցվածքի պատճառը, բայց արդյո՞ք միայն դա...
Գևորգ Դարբինյան