Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վալերի Մեջլումյանը տապալել է Թեղուտի հանքավայրի շահագործումը, և 15 ամիսների ընթացքում իր աշխատակիցների միջոցով, արհեստական խոչընդոտներ է ստեղծել հանքավայրի վերաբացման համար։ Նա տապալել է Ալավերդու պղնձաձուլարանը, 25 տարվա մեջ ոչ մի ներդրում չի կատարել»,- այս մասին այսօր Ալավերդի համայնքում խաղաղ ցույց իրականացնելու ժամանակ ասաց «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության համակարգող Կարեն Միքայելյանը` հավաստիացնելով, որ ալավերդցիների առողջության հաշվին Վալերի Մեջլումյանը միլիոններ է դիզել, աշխատող ժողովրդին վերաբերվել է իբրև ծառայի։
Նա նաև նշեց, որ Մեջլումյանը, տիրանալով քաղաքի կարևորագույն օբյեկտներին, հասցրել է դրանք ավերակների, մասնավորապես` ճոպանուղին, մարզադաշտը, կենտրոնական հյուրանոցի շենքն ու մի շարք այլ շինություններ։ Ակցիան ղեկավարող Միքայելյանն անընդհատ վանկարկում էր` «Մերժիր Սերժի Վալերին»։ Վստահեցրեց, որ եթե «Մեջլումյանը հանգիստ չթողնի իրենց ու շարունակի կեղծ լուրեր տարածելով խոչընդոտի իրենց աշխատանքը», ապա ամեն բան անելու են, որ լքի Ալավերդին, տարածաշրջանը։
«Նա դավաճանել է սեփական տարածաշրջանը, ժողովրդին ու ինքը տեղ չունի մեր քաղաքում։ Այս մարդը կործանել է մեր մանկությունն ու փչացրել մեր առողջությունը։ Մենք հիմա թույլ չենք տա, որ նույնը լինի մեր երեխաների հետ. սա կլինի մեր վերջին զգուշացումը։ Փորձում է ժողովրդին զրկել աշխատանքից»,- նշեց Միքայելյանը։
Ալավերդցիների քայլերթից հետո ավտոերթ իրականացրին Ալավերդի քաղաքում ու ավարտեցին իրենց ակցիան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վալլեքս» խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով Թեղուտի պոչամբարի հնարավոր ինքնափլուզման ռիսկի մասին`նշելով, որ ընկերությունը ներկայում Թեղուտի համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն չունի և չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար:
Հավելենք, որ պոչամբարի պատվարի հնարավոր փլուզման ու վտանգների մասին ոչ միայն «Վալլեքս» ընկերությունն է ահազանգել, այլ մի շարք հայաստանյան և միջազգային բնապահպան-փորձագետներ։