կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 16:08
Հասարակություն

10 մլն դրամ տուգանք՝ ինտերնետի «.am» տիրույթում կայքեր գրանցող ընկերությանը

10  մլն դրամ տուգանք՝ ինտերնետի «.am» տիրույթում կայքեր գրանցող ընկերությանը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին է  դիմել «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ը՝ տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին: Բացի այդ` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են «.am» տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում:

 

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը պարզել է, որ ՀՀ-ում  «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայությունները իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք:

 

Վերոնշյալ ընկերությունը  կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ: Սակայն, ուսումնասիրությունները պարզեցին, որ միջնորդներից մեկը՝ «ԷյԲիՍիԴոմենը», տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվել է նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ:  Փաստացի, կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը՝ երկրորդային կամ, այլ կերպ ասած, միջնորդների շուկան վերահսկելու նպատակով:

 

Շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք, սակայն, հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է: 

 

Այսպես` բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են  «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»: Վերջինը իրականացրել է  կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ, այլ կերպ ասած, հետ է վերադարձրել 6 հազար դրամը՝ այսպիսով վերահսկելով դրանց գործունեությունը: Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12 հազար դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6 հազարը, մինչդեռ եթե կենտրոնի կողմից նման քաղաքականություն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել:

 

Այսպիսով, Հանձնաժողովի դիտարկմամբ, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը»  չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը: Փաստացի, կայքերի գրանցման ծառայությունները  6 հազար դրամով վաճառել է միջնորդներին, բայց, իր հերթին, նաև հիմնադրել է «ԷյԲիՍիԴոմեն» ընկերությունը, որի  միջոցով տնօրինել է շուկայի ավելի քան 70 տոկոսը և այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել: Իրավախախտ ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության՝ 10  մլն  դրամի չափով:

 

Տեղեկացնենք նաև, որ այսօր «.am» տիրույթում գործում է շուրջ 23 հազար կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12 հազար դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»: