կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 12:40
Քաղաքական

«Եկող շաբաթվա վերջին»

«Եկող շաբաթվա վերջին»

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «ցրել» է լրագրողին, երբ վերջինս փորձել է իմանալ նրա կարծիքը մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած հանդիպման մասին:

 

«Ուրեմն` այդ հարցին կպատասխանեմ եկող շաբաթվա վերջին»,- մեծահոգաբար խոստացել է պատգամավորը՝ հավանաբար, հույս տածելով, որ մինչև «եկող շաբաթվա վերջ» այնքան ջրեր կհոսեն, որ կա՛մ լրագորղը կմոռանա իր հարցի մասին, կա՛մ էլ ինքը վերջապես կիմանա, թե իսկապես ինչ է տեղի ունեցել Աստանայում: Հեչ որ չէ՝ Աշոտյանն ու Շարմազանովը կբացատրեն: Բայց Գ. Մինասյանի խուսափողական պատասխանի վրա զարմանալ պետք չէ, քանզի դա… ուշագրավ պատասխան է, ՀՀԿ վերնախավականի համար՝ նաև խիստ հատկանշական: Իսկ առավել հատկանշական՝ նույն ՀՀԿ-ի կողմից վարվող մեր երկրի արտաքին քաղաքականության համար:

 

Մեր արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինն ու պատասխանատուներն էլ տվյալ պահի՝ ներկայի դեպքերին միշտ անդրադառնում են «հաջորդ շաբաթվա վերջին», այսինքն՝ միշտ աղետալիորեն ուշացած, հազիվ քարշ գալով իրադարձությունների հետևից: Վկա՝ Աստանան, որտեղ Հայաստանի գորշ ներկայությունը ուղղակի միտում է դառնալ ազգային արժանապատվության պահպանման վերաբերյալ օրակարգային խնդիր, որն արժե լրջամտորեն քննարկել:

 

Մինչդեռ մեր ակնկալիքները երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմնից ու նրա պատասխանատուներից ոչ միայն ներկային արձագանքելու կարողության մեջ է, այլ նաև, առավել ևս, ապագայի մարտահրավերներին պատասխանելու շնորհքի: Բայց ու՛մ ի՛նչ ենք ասում, այս իշխանությունները վաղուց ավանդույթ են դարձրել՝ իրողությունները գնահատել սոսկ «եկող շաբաթվա վերջին»: Չնայած հաճախ նույնիսկ դա էլ չեն անում:

 

Բ. Գասպարյան