կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 11:50
Առանց Կատեգորիա

Ընդունվում են «Մանկական եվրատեսիլ-2014»-ի մասնակցության հայտերը

Ընդունվում են «Մանկական եվրատեսիլ-2014»-ի մասնակցության հայտերը

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու` իր որոշումը: Երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության` ստորեւ նշված կանոններին:

 

Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:

 

Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տեւողությամբ: Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:

 

Ներկայացվող երգը պետք է լինի նոր եւ հրապարակված չլինի նախքան 2014-ի մայիսի 1-ը:

 

Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, եւ եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:

 

Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:

 

Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին թույլատրելի են:

 

Չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների եւ բեք-վոկալիստների):

 

Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3, WAV), երգի խոսքերը, կատարողների անձնագրերի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ: Փաթեթն անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ուղարկել` [email protected] հասցեին կամ ներկայացնել հետեւյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայասատանի հանրային հեռուստաընկերություն: Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 010.65.58.96 կամ 094.49.42.82:

 

Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական Միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում: Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները, գույներ ստացած, միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խարհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը: