կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 21:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ազգերի ինքնորոշման իրավունքը մնար ՀՀ քաղաքականության կիզակետում, արդյունքն այլ կլիներ. Արա Մարջանյան

ՌԴ արտործնախարար Սերգեյ Լավրովը սկզբունքային հայտարարություն արեց, որ միջազգային իրավունքի տեսակետից տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է միայն այն երկրների հանդեպ, որոնք երաշխավորում են իրենց կազմում գտնվող փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը եւ չեն խոչընդոտում դրա իրացմանը․ սա Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագրի առանցքային դրույթներից է։

Արդյո՞ք ՀՀ իշխանությունները չպետք է ՄԽ համանախագահող երկրի արտգործնախարարի այս հայտարարությունը պրոյեկտեն Արցախյան հարցի կարգավորման վրա․ այս հարցին ՄԱԿ-ում Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում պատասխանեց, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը պետք էր հետևողականորեն դարձնել Արցախյան գործընթացի հիմնաքարերից մեկը։

«Արցախյան հարցի հետ կապված բոլոր գործընթացներում, ըստ էության, Արցախը շարժվել է նաև այդ սկզբունքով, և եթե ՀՀ-ն հետևողականորեն և վճռականորեն այդ ուղղությամբ գնար՝ արդյունքները կլինեին այլ»,-ասաց Արա Մարջանյանը։

Օրինակ, ասաց նա, եթե ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը անընդհատ մնար կիզակետում, բարձրացվեր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այդ տարածքներում Ցեղասպանության հնարավորության հարցը, և ամենակարևորը, անընդհատ որոնվեին և առաջարկվեին լուծումներ ողջ Արցախի բնակչության քաղաքական, սոցիալական և մարդկային կյանքի անվտանգությունն ապահովելու համար, ահա այդ դեպքում արդյունքները վստահաբար այլ կլինեին։

«Սա միջազգային իրավունքի հիմնադրույթներից մեկն է, կան նաև այլ հիմնադրույթներ, բայց սա իր բովանդակային, մարդկային և քաղաքական առումներով ամենահիմնական հիմնադրույթներից է։ Եվ այստեղ հետևողական դիրքորոշումն իր արդյունքները կտար»,-ասացփորձագետը։

Նրա գլխավորած կազմակերպությունը 2018 թ-ի վերջին նոր իշխանություններին առաջարկել է, որ Հայաստանը հիմնի 4-րդ Դաշնային Հանրապետություն, որի կազմում կներառվի Լեռնային Ղարաբաղը թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի, թե՛ այլ ազգությունների բնակիչների կոնստիտուտուցիոնալ իրավունքների պահպանմամբ, բայց դա իրականություն չդարձավ։

Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակում են Արցախի Նորշեն և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ․ Արա Մարջանյանը վստահ է, որ սա անմիջականորեն կապ ունի Ուկրաինայում զարգացումների հետ։

«Վստահ եմ, որ Ադրբեջանը Ուկրաինայի և Թուրքիայի հետ կոորդինացնում է իր գործողությունները։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը, Ուկրաինան և Վրաստանը գտնվում են նույն քաղաքական բլոկում, որը կոչվում է ՎՈՒԱՄ և ունի ընդգծված հակառուսական ուղղվածություն»,-ասաց փորձագետը։

Նա կարծում է թուրք-ադրբեջանական սադրանքները նպատակ ունեն, որ հայկական կողմի նյարդերը տեղի տան, իրադրությունը շիկանա, և ստեղծվի նոր ճակատ, որը  ռուսական կողմից իր վրա կվերցնի որոշակի ջանք և ռազմական ներուժ։

«Այս ամբողջը տեղավորվում է մի հայտնի ռազմավարության մեջ, որը կոչվում է «ճկել Ռուսաստանը», որ Ռուսաստանի ողջ պարագծով անընդհատ լարվածության օջախներ ստեղծվեն՝ ջլատելով և ապակենտրոնացնելով ռուսական քաղաքականությունը»,-ասաց նա։

Արա Մարջանյանը համարում է, որ նույն տրամաբանության մեջ էին նաև Ղազախստանի դեպքերը, Թուրքմենստանում հասունացող իրադարձությունները, և այն քողարկված, դեռ մակերես դուրս չեկած գործընթացները, որոնք ընթանում են Ուզբեկստանում և Ղրղզստանում։ Ադրբեջանական սադրանքները, նրա համոզմամբ, միանգամայն տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։

Հայաստանը, ըստ փորձագետի, պետք է տեղի չտա սադրանքներին, փորձի կառավարել իրավիճակը, հետևողականորեն բարձրացնի այն հարցը, որ սկսած մայիսից Հայաստանի սուվերեն տարածքում են գտնվում ադրրբեջանական ուժերը, ինչը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղարար գործընթացի մեջ և ուղիղ կերպով հակասում  է եռակողմ երեք հայտարարությունների տրամաբանությանը։ Հայաստանը պետք է փորձի պահել հավասարակշռությունը մինչև պարզերեսվեն ընթացող պրոցեսների վերջնախաղերը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․