կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 13:27
Քաղաքական

Ապրիլյան պատերազմի հետ կապված` օդում կախված բազմաթիվ հարցեր կան. պատգամավորները փակ քննարկում են պահանջում

Ապրիլյան պատերազմի հետ կապված` օդում կախված բազմաթիվ հարցեր կան. պատգամավորները փակ քննարկում են պահանջում

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա նշեց, որ օրակարգի հարցերն, անշուշտ, կարևոր են, բայց այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որն այլ` ավելի կարևոր օրակարգ է թելադրում: Եվ այդ օրակարգը կապված է հետապրիլյան իրավիճակի հետ:

«Շատ հարցեր կան, որոնք անհանգստացնում են մեզ: Առաջարկում եմ ձեզ բանակցել կառավարության հետ, վարչապետի հետ` փակ քննարկում անցկացնենք, որ մենք իմանանք մեր անելիքը: Կան հարցեր, որ այստեղից բաց տեքստով հնչեցնելը վտանգավոր է, ուստի փակ քննարկում կազմակերպենք, որովհետև թե' հարցերը, թե' պատասխանները պարունակելու են պետական ու ռազմական գաղտնիքներ: Ազգային ժողովը չի կարող ձև անել, որ ոչինչ չի եղել, քննարկելու ոչինչ չկա: Ունենք  քննարկելու լուրջ բան, ունենք լուրջ անելիք»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ բարձր է գնահատում պատգամավորների մտահոգությունները, բայց արտահայտություններում պետք է զգույշ լինեն բոլորը, որովհետև Ազգային ժողովը ձև չի արել,պատերազմի առաջին իսկ օրից մշտական կապի և խորհրդակցության մեջ են եղել թե' ՀՀ կառավարության, թե' Արցախի հետ: Փակ լսումներ արդեն եղել են հանձնաժողովներում: Եվ էլի հանձնաժողովների ֆորմատում կարելի է շարունակել քննարկումները:

Հերմինե Նաղդալյանը ճիշտ չհամարեց այս ձևաչափով նման հարցերը բարձրացնելը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ եթե բոլորը նույն բանի մասին են բարձրաձայնում, ուրեմն խնդիր կա, ուրեմն ԱԺ-ում անցկացված փակ նիստը չի բավարարել պատգամավորների մտահոգությունները: Պատգամավորը պահանջեց կազմակերպել փակ նիստ պաշտպանության նախարարության հետ, որ ստանան իրենց հարցերի պատասխանները:

«Կարծում եմ` ավելի բարձր տոնով խոսելը ո'չ ձեր հմայքն է ավելացնում, ո'չ էլ ձեր փաստարկներն է ուժեղացնում: Ես ասել եմ, որ կքննարկենք այդ հարցը ու կներկայացնենք»,- ի պատասխան, ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը նշեց, որ շատ արագ կառավարությունը պետք է մեխանիզմ ձևավորի, որ պատասխանի պատգամավորների հարցերին ու մտահոգություններին: «Հարցերի պատասխաններ կան, որոնք թեև ոչ հրապարակային, բայց պետք է հնչեն»,- ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ապրիլյան պատերազմից անցել է քսան օր, բայց հնարավորություն չունեն գործադիր իշխանության հետ նստելու, քննարկելու այն բացթողումները, որոնց պատճառով այդքան զոհեր տվեց Հայաստանը:

«Փաստացի, զինվորներն են պահել սահմանը, նրանց շնորհիվ է, որ պատերազմական գործողությունները չեն խորացել մեր տարածքից ներս: Փաստորեն, Արցախի զինված ուժերն են երաշխավորել այդ ամենը: Օր առաջ, ժամ առաջ պետք է տեղի ունենան երկու պետությունների միջև քննարկումներ, որ տեսնենք` ինչպես կարող ենք լրացնել բացթողումները: Պատերազմը չի ավարտվել»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախ գնալուց հետո իրենց մտահոգություններն ու հարցերը ավելի են շատացել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում ԱԺ պատվիրակությունը մեկնել է Արցախ և տարբեր բնույթի հարցեր քննարկվել տարբեր պաշտոնյաների հետ:

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը հավելեց, որ այդ մտահոգությունները կարող են հնչեցվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում: