կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 13:10
Իրավական

«Վերնիսաժ»-ի կրակոցների գործում հանցակազմի հատկանիշներ կան նաև երկու վիրավորի արարքներում

«Վերնիսաժ»-ի կրակոցների գործում հանցակազմի հատկանիշներ կան նաև երկու վիրավորի արարքներում

«Վերնիսաժ»-ում մայիսի 17-ին կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը մեղադրվում է մի քանի անձանց սպանության փորձի մեջ, սակայն նրա փաստաբանը նշում է, որ սպանության փորձի մասին խոսք լինել չի կարող:

 

Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ գործին վերաբերող բոլոր ապացույցներին ծանոթ չէ, սակայն երեկ դատարանում նախաքննական մարմնի կողմից ներկայացված ապացույցներից ակնհայտ էր, որ կատարվածը սպանության փորձ չէ:

 

Հարցին` այդ դեպքում ի՞նչ պետք է որակել արարքը, փաստաբանը պատասխանեց, որ գործի քննության այս փուլում նապատակահարմար չի համարում մեկնաբանություններ անել:  

 

Արդեն իսկ հայտնի է, որ կրակոցներն արձակվել են Գոռ Առաքելյանի և Նորայր Հարությունյանի ու Վալերի Հովհաննիսյանի ընդհարման ժամանակ: Հարցին` այս գործի շրջանակներում ի՞նչ է սպասվում վերջին երկուսին, ովքեր կրակոցներից վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց, Ե. Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե իրենց ինչ է սպասվում, ամբողջ ապացույցների կոնտեքստում պիտի նախաքննական մարմինը որոշի: Սակայն Գոռին առաջադրված մեղադրանքի բովանադակությունում, որտեղ տրվում է դեպքի նկարագրությունը, մյուս երկու անձանց վերաբերյալ ինչ-որ գործողություններ են նկարագրված, որոնք կարող են, ըստ էության, հանցակազմի հատկանիշներ ունենալ»:

 

Նշենք, որ դեռևս միայն հայտնի է, որ Նորայրն ու Վալերին գտնվում են հիվանդանոցում, տեղեկություններ չկան` արդյո՞ք հարցաքննվել են, թե՞ ոչ: