Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից որևէ մեկի` կառավարությունում պաշտոն ստանալուց հետո ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դառնալու ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ինքը չորս անգամ պատգամավոր է ընտրվել և ունի ցանկություն ԱԺ-ում աշխատելու:
«Ես պատկերացնում եմ` պատգամավոր լինելու դեպքում ավելի շատ գործել, քիչ խոսել, աշխատել հանձնաժողովներում և խորհրդարանի ամբիոնը օգտագործել քննարկումների համար, այլ ոչ թե ավելորդ տեղը պոպուլիստական քաղաքական հարցեր հնչեցնելու համար»,- ասաց նա:
Խոսելով նոր վարչապետի մասին` Ալեքսանյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը շատ ընդունելի թեկնածու է այդ պաշտոնում, քանի որ ունի կազմակերպչական ջիղ, աշխատանքի փորձ, հեռատեսություն: Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ աշխատել են միասին Արարատի մարզում, և նա այն անձնավորությունն է, ով ունի բոլոր հնարավորությունները` եղած թերությունները շտկելու համար:
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով` նոր կառավարության ծրագրերը պետք է լինեն նախորդի շարունակությունն այն պատճառով, որ նախորդ կառավարության ծրագրի հիմքում էլ ընկած է եղել նախագահի նախընտրական ծրագիրը:
«Տիգրան Սարգսյանն աշխատում էր, Հանրապետական կուսակցությունն այն կարծիքին չէ, որ ինքը լավ չի աշխատել: Չի կարելի բոլոր թերությունները բարդել նախկին կառավարության վրա, պարզապես նա վրիպումներ է ունեցել»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` ինչո՞ւ Տիգրան Սարգսյանն իր վրիպումների համար պատասխանատվության չի ենթարկվում, դեռ մի բան էլ նրան նախագահը շնորհակալություն է հայտնում, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ մարդուն պատասխանատվության ենթարկելու համար պետք է առկա լինի քրեական հանցակազմ, ինչը Տիգրան Սարգսյանի դեպքում չկա: Նրա կարծիքով` Տիգրան Սարգսյանը աշխատել է, լավ բաներ է արել, օրինակ` բանկային համակարգի զարգացումը: