Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ամփոփիչ ասուլիսում, որպես նախարարության գործողությունների դրական արդյունք, նշեց մայրության միանվագ նպաստի նոր կարգը, ըստ որի` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացվեց՝ 3-րդ երեխայի դեպքում հասնելով 1 միլիոն դրամի, ընդ որում` կիրառվեց լիովին նոր մոտեցում՝ ներդրվեց ընտանեկան դրամագլխի գաղափարը:
2014 թվականից սկսած` երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան համար պետության կողմից տրամադրվող 1 մլն դրամից 500 հազար դրամը ընտանիքը ստանում է միանվագ, իսկ մնացած 500 հազար դրամով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ:
Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը ստանում է 1 մլն 500 հազար դրամ, որից միանվագ՝ 500 հազար դրամ, իսկ մնացած 1 մլն դրամով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ: Ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխայի համար, որի ծնունդով պայմանավորված ծագել է պետական աջակցության իրավունքը, այլև նաև ընտանիքի մյուս անդամների համար: Բացի այդ` դրամագլուխը բանկում ներդնելով՝ ընտանիքները ստանում են տարեկան մինչև 12% եկամուտ:
«Սա պետական նպաստի տրամադրման աննախադեպ, խիստ արդյունավետ եղանակ է, որը ևս ուղղված է աղքատության նվազեցմանը»,- ասաց նախարարը:
Զբաղվածության ոլորտում քաղաքականություն էր փոխվել: Եթե առաջ գործազուրկներին տրվում էր նպաստ, ապա հիմա անցում կատարվեց գումարային աջակցությունից աղքատության հաղթահարման՝ ակտիվ ծրագրերի միջոցով: Այս փոփոխությունը նույնպես ուղեկցվեց հասարակական դժգոհությամբ:
«Ամսական 18 հազար դրամ գործազրկության նպաստը ամենաանարդյունավետ ծրագիրն էր, որովհետև այդ գործազուրկները շահագրգռված չէին` աշխատաշուկայում աշխատանք փնտրելով: Նոր քաղաքականության արդյունքում 10 հազար աշխատանք փնտրող քաղաքացիներ աշխատանք են գտել, որոնցից 3 հազարը, որպես վարձու աշխատող, աշխատել են հողատարածքներում` օրական 4 հազար դրամով»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Որպես տարվա ձեռքբերում` նախարարը նշեց` պետական համակարգի շուրջ 200 հազար աշխատակիցների աշխատավարձերը միջինում 40 տոկոսով բարձրացել է, 30 հազար չաշխատող մայր ստանալու են մայրության նպաստ` շուրջ 130 հազար դրամի չափով, նվազագույն աշխատավարձի չափն ավելացել է 10-11 տոկոսով` հուլիս ամսից, նույնը նախատեսվում է նաև 2015թ. հուլիսից:
Բացի այդ` հիմնական կենսաթոշակը կսահմանվի 16 հազար դրամ` 14 հազար դրամի փոխարեն, աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը` առաջին 10 տարվա համար` 800 դրամ` 700 դրամի փոխարեն, մնացած տարիների համար` 500 դրամ` 450 դրամի փոխարեն: Զինվորական կենսաթոշակի միջին չափը ևս ավելացել է շուրջ 15 տոկոսով:
5 հազարական դրամով ավելացել է Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակից` հաշմանդամ դարձած անձանց, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարի չափերը: Նախատեսվում է 2015թ. հունվարի 1-ից 40-50 տոկոսով ավելացնել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող գումարները:
Ամսական շուրջ 105 հազար աղքատ ընտանիք ստացել է ընտանեկան և սոցիալական նպաստ` միջինը 30350 դրամ, օգոստոս ամսից բազային նպաստը դարձել է 17 հազար դրամ: