Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակումբներից մեկում Արմեն Թութունջյանի /Չիկո/ համերգին եմ: Տարված նվագում է' քեզ էլ իր հետ տանելով էն աշխարհ: Քեզ ու մտքերդ ճոճող մաքուր ջազ, ու այդ ճոճքի մեջ Թութունջյանի էմոցիաները' խորացած էն աշխարհի սահմաններում: Քեզ ու մտքերդ մաքրող մաքուր ջազ, որը Թութունջյանից դուրս գալիս ոչ թե դատարկում է նրա ներսը, այլ նորի ճանապարհը բացում: Քանի դեռ տպավորություններս թարմ են, ուզում եմ զրուցել Թութունջյանի հետ, քանի դեռ բզզում են ջազի նոտաները: Yerkir.am-ի զրուցակիցն է Արմեն Թութանջյանը
Մինչ հարցազրույցը հետաքրքրվում է' ինչի՞ց ենք խոսելու:
-Ամեն ինչից, ինչից կուզենք: Ինչն էլ չեք ուզի, նշան կանեք, միջիս լրագրողին կասեմ` չի լսի, կանցնենք հաջորդ հարցին:
-Որ էդպես է, սկսեցինք:
-Նման սահմանումներ կան' հայկական ջազ, հայկական ռոք: Այդ բաժանումները չե՞ն սահմանափակում ջազի, ռոքի տիրույթը:
-Այո, իհարկե, սխալ է ասել հայկական ջազ, ռոք, դա նույնիսկ իմ թեզի կարևորագույն դրույթներից է' պետք է ասել հայաստանյան ջազ, ռոք, հակառակ դեպքում' նեղացնում ենք սահմանը: Ջազն ունի իր դասական ավանդույթներն ու նվագացանկը, և մենք ունենք հոյակապ երաժիշտներ, որոնք նվագում են դասական, ճիշտ ջազ: Զուռնա-դհոլով, քամանչա-թառով նվագը հայկական ջազ չես կարող կոչել, քանի որ դա արդեն ջազ չէ: Նման դեպքերի համար Արտո Թունջբոյաջյանը ճիշտ տերմին է կիրառել' ավանգարդ ֆոլկ: Ջազն ունի իր սահմանման բնութագրերը, որոնք առաջարկել է ջազագետ Ֆրանսիս Նյուտոնը' հարմոնիկ կառուցվածքը, ռիթմը' ճոճելու զգացողությամբ /այն, ինչ հրապուրում է մարդկանց/, լեզվային առանձնահատկությունը' երաժշտության լեզուն, ինչպես նաև փաստը, որ ջազն անհատների արվեստ է: Ջազը, ջազը հետաքրքիր արվեստ է' ջազմենը բեմ է բարձրանում' մտածելով' ինձ չի հետաքրքրում' ինչպես են կատարել այս գործն ինձնից առաջ, կարևորն այն է' ինչպես ես կկատարեմ այն: Ջազմենն այդ պահի կերտողն ու արարիչն է, ջազում չի կարելի նոտայի թուղթ դնել ու ընթերցել երաժշտությունը, դա ջազ չէ: Ջազը ոչ ջազից կարելի էր տարբերել մինչև 70-ականների սկիզբը, այն ժամանակ դեռ գործում էին Նյուտոնի բնութագրերը: Հետո ջազն էլեկտրաֆիկացվեց' լեզուն մի քիչ փոխվեց, ջազն ու ռոքը ձուլվեցին, ֆանկային ռիթմերը միացան...
-Ջազը համարում են սևամորթների «մենաշնորհը», բայց վերջին շրջանում կարծես կոտրվո՞ւմ են այդ կարծրատիպերը:
- Ջազն իր էությամբ երկու հզոր երաժշտական մշակույթների' Արևմտյան Աֆրիկայի և եվրոպական երաժշտության ավանդույթների մերձեցումն է ամերիկյան հողի վրա: Բացարձակ սխալ է, երբ ասում են, թե ջազը սևամորթների երաժշտությունն է: Ո՛չ, այնքան բան են տվել սպիտակները ջազին' մեղեդիների, ջազային ստանդարտների հսկայական մի ցանց: Ջորջ Գերշվինը' հրեական արմատներով սպիտակամորթ հայտնի կոմպոզիտոր էր, ով գրեց ջազի նշանավոր մեղեդիներից մեկը` «Summertime»-ը: Այն տարիներին ջազն իր մեջ պարունակում էր միջազգային երաժշտական արվեստ լինելու իր պոտենցիալը, ինչի համար էլ շատ շուտ տարածվեց: Երբ ջազը հասավ Հայաստան, կարող էր, չէ՞, այդ սերմը մեր հողի վրա պտուղ չտալ, բայց տվեց, որը ես բացատրում եմ ընդհանրություններով, որոնք կան հայկական երաժշտության և ջազի ավանդույթների մեջ: Օրինակ` ռիթմը, որը ֆանտաստիկ կարևոր տարր է ջազում. ջազում խաչված ռիթմն ամենակարևորն է, իսկ այդ ռիթմում մեր 6/8-ը կա: Շնորհիվ մեր մշակույթի` տաղանդաշատ երաժիշտների հայաստանյան ջազը քայլում է ջազային փողոցի արևոտ կողմով /հայտնի ջազային երգ' «On the sunny side of the street»/: Սա իմ գրքի սկիզբն է ու վերջը, առաջին մեղեդին, որն ինձ հուզել է:
-Երաժշտությունն ընթացքի արվեստ է: Դատելով մեր ունեցածից' ի՞նչ ընթացքի մեջ ենք:
-Երաժշտությունն ազատ է, իսկ այն, ինչ ազատ է, ընթացքի մեջ է: Դու պետք է քո գործն անես, եթե հույսդ դրել ես ուրիշ բանի վրա' երկար կսպասես: Ասում են` պետական աջակցություն, խնամք, շատ լավ կլիներ, որ ամեն ինչ այլ կերպ լիներ, բայց եթե չկա, չպետք է չսպասես, այլ ինքդ ստեղծես: Անկախության տարիներին մի շարք ակումբներ բացվեցին, որտեղ էլ երաժիշտները կարողանում են իրենց հոգու երաժշտությունը կատարել, այդ թվում' նաև ջազ: Ակումբներում նվագելը ջազմենի թթվածինն է, նա պետք է ամեն երեկո նվագի, մյուս կողմից էլ' ամեն երեկո նվագելն էլ հեշտ չէ, եթե տրված ես նվագում: Շաբաթվա ընթացքում լավագույնս 3-4 համերգ ենք նվագում: Երաժշտական ոլորտում շատ տաղանդավոր երաժիշտներ կան, բայց անգետիկներ են' Աստված նրանց շնորհ է տվել, բայց չեն զարգացնում այն: Երաժշտության մեջ տաղանդավոր լինելն արդեն դրական հատկանիշ է, զգայարանների մի համակարգ արդեն աշխատում է նրա մոտ, բայց լինում են վատ կրթություն ստացած, սխալ միջավայրում մեծացած երաժիշտներ, որոնք իրենց ձեռքով կործանում են իրենց: Պետք է ազնիվ լինես քո ստեղծածի և քեզ տրվածի առջև:
-Ազնվությունն ի՞նչ տեղ ունի մեր օրերում:
-Մեր օրերում ազնիվ մարդիկ տեղ չեն գտնում: Ժիրինովսկին ասում է' դե, զզվեցրիք, էլի, ինչքան կարելի է հեռուստատեսությամբ մարդկանց խաբել: Ինչի՞ չեն մեծարում, ասենք, լավ ինժեներին, մանկապարտեզի դայակին, ուսուցչին: Շոու-բիզնեսի ներկայացուցիչների հագածն ու կերածը որքա՞ն կարելի է լուսաբանել: Ազնվությամբ էլ փող վաստակել կարող ես, բայց խաբելով ավելի հեշտ է մեր օրերում: Մեր հասարակությունը ծայրահեղ հիվանդ է, արժեքային համակարգ չունենք: Ուրախանում էինք, որ Սևանը լցվել է, իսկ հիմա բաց են թողնում ջրերը, ինչ է, թե մի ակումբ ձուկ է որոշել բուծել:
-Ասում են' երգողը երգում է, նվագողը' նվագում, կապ չունի' ի՞նչ վայրիվերումների մեջ ենք, բայց եթե համապատասխան միջավայր ու պայմաններ չլինեն` որքանո՞վ այդ նվագողը կնվագի ու երգողը կերգի:
-Երաժշտությունը սոցիալական երևույթ է, չի կարելի կանգնել ու գոռալ' այսօրվանից ջազը մասսայական պիտի լինի, լսում ենք միայն ջազ: Կա բնական իրավիճակ, շուկա է' ով հավաքում է իր ունկնդրին, նա էլ նվագում է: Հոյակապ երաժիշտներ, կանգնած փողոցում, նվագում են: Միջավայրը, մթնոլորտը շատ կարևոր է, մեզ մոտ արդիական են դարձել փառատոները, ինչ-որ տոներ, մարդիկ տարիներ շարունակ, իրենց տներում նստած, սպասում են, թե երբ է ջազ փառատոն լինելու, որ նվագեն: Այդ փառատոներն էլ մի այնպիսի աղմուկով են անցկացնում: Լավ, դա մեկ օր տևեց, բա հետո՞: Այնպես որ' այդ զրնգուն փառատոները, հա, լավ բան են, բայց դա չի առօրյան: Սովետական շրջանը կոնկրետ թոզփչոցի էր' ոչ մի արգելք չկար, բայց ռեալ ազատություն էլ չկա: Կարծում ես' մշակույթի նախարարները որ փոխվեցին, ինչ-որ բան փոխվե՞ց:
-Ջազը մրցակցային արվեստ է, եթե այս պահին գոնե այնպես չես նվագում, ինչպես երեկ, հոսքից դո՞ւրս ես մնում:
-Այո, ընդհանրապես ցանկացած երաժշտություն է այդպես, ջազմենի մոտ ուղղակի պահանջն ավելի մեծ է` ստեղծագործելուն պատրաստ լինել: Քանի որ եթե զուգահեռներ տանենք, օրինակ, դասական երաժշտության հետ, դասական երաժշտության մեջ դաշնակահարը նվագում է պատրաստ տեքստ, նա չի կարող այն փոխել, բայց, մյուս կողմից, նուրբ ականջը կընկալի նույն նոտաները ինչպես է երեկ և այսօր նվագում երաժիշտը: Երաժշտությունը բնության պես կենդանի մատերիա է, այն չի կարող ստանդարտ լինել: Ամենուրեք այդպես է' «Բարսելոնան» ցնծում էր, բայց հիմա անկում է ապրում, նույն ֆուտբոլիստներն են, բայց մի բան էն չէ, մի բան կոտրվել է: Այսօր կարող է` շատ լավ նվագես, բայց վաղը քեզ արդեն չլսեն: Եթե ես այսօր երեկոյան պետք է նվագեմ, բոլորը թքած ունեն, որ Չիկոն նախօրեին զիլ համերգ է ունեցել, իրենց հետաքրքիր է այսօրվա քո նվագածը: Ամեն օր նոր էջ պետք է բացես:
-Ձեզ, հավանաբար, շատ հարցրած կլինեն' ի՞նչ տեղ ունի ջազը, երաժշտությունը Ձեր կյանքում: Ժամանակի հետ մի քիչ ավելի սահմանափակ չի՞ դառնում այն ամենը, ինչ նախկինում տեղ ուներ մեր կյանքում:
-Գիտե՞ք' այն, ինչ անում եմ, հաճույքով եմ անում: Բայց դրան չեմ հասել միանգամից' կյանքիս շրջադարձերը, ճիշտ ճանապարհի ընտրությունը ուշ է ստացվել, հեշտ չի տրվում ոչինչ: Ուշ եմ սկսել լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Ես ճարտարագիտական համալսարանում էի սովորում, բայց արդեն երկրորդ կուրսում հասկացա, որ սա իմը չի: Այն տարիներին անգամ կատակում էին, թե պոլիտեխնիկը կոնսերվատորիա է' տեխնիկական թեքումով: Շատ ու շատ հայտնի դեմքեր են ավարտել պոլիտեխնիկը: Ինքնաբավարարվածությունն ու երջանկությունը հարաբերական բաներ են,. մարդ կարող է լինել երջանիկ' որքանով նա կարողանում է արժեքները ճիշտ դասավորել` նայած' ի՞նչն է իր համար կարևոր: Խաբելու ճանապարհով սուտ հանրաճանաչություն ստացողը շուտ է բեմից իջնելու:
-Մտավորականները, արվեստագետներն ի՞նչ դեր են ստանձնում այսօր, որքանո՞վ են գնահատված նրանք: Մի տեսակ' ամեն մարդ քաշված իր գործն է անում:
-Ես, օրինակ, գնահատված լինելու պակաս չեմ զգում, երբեք չեմ աղաղակում, բայց գոհ եմ: Պետք է ասեմ, որ հեշտ չեմ ասել այս վիճակին. երիտասարդությունն ունի իր ապուշ կողմերը, չնայած քաղցր բան է: Ես 7 տարի ֆիզիոլոգիայի ինստիտուտում ուղեղ եմ ուսումնասիրել: Այդ տարիքում մեջդ լիքը էներգիա է լինում, որի հետ չգիտես' ինչ անել, ու մեծ մասամբ ճիշտ ձևով չես օգտագործում այն: Այդ տարիներին ես գիտակցում էի' ուզում եմ դառնալ գիտությունների թեկնածու, որ ունենամ ստաբիլ աշխատավարձ և ամբողջ ազատ ժամանակս ջազ նվագեմ: Ես չէի ուզում կեղտոտվել արվեստում, ուրիշ միջոցներով գումար վաստակել: Ես մեկ օրում քանդեցի այդ ամենը, ինչ ունեի' եկա տուն, ասացի' վերջ, ես չեմ կարող այսպես կիսված ապրել, ես ուզում եմ երաժշտությամբ զբաղվել: Մայրս լացում էր: Այո, պետք է խոստովանեմ' ես ավելի երջանիկ եմ, երբ նստած եմ թմբուկների առջև, ինձ չէի պատկերացնում ինչ-որ գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Պոլիտեխնիկն ինձ սովորեցրեց տրամաբանորեն մտածել:
-Մուսան կյա՞նքն է, որ ջազ է դառնում, թե՞ երբեմն ջազն էլ է մուսա դառնում:
-Մուսան կյանքն է, տառապանքն ու սերը: Մինչև վերջին շունչը մարդ տառապում է: Նորմալ երաժիշտը, ստեղծագործողը երբեք չի կարող ինքն իրենից գոհ լինել, իսկ երբ դու ինչ-որ բանից դժգոհ ես, այն տառապանք է դառնում քեզ համար: Այն պահին, երբ մտածես, որ ամեն ինչ կարգին է, արվեստի կողմից դու քո ապտակը կստանաս: Իսկ սերը քեզ անվերջ պահում է քո սիրած զբաղմունքի մեջ: Մի լավ խոսք կա' սիրեք ձեր մեջ եղած արվեստը, այլ ոչ թե ձեզ' արվեստում: Մարդիկ կան' էգոիստ են, իրենք իրենց են միայն սիրում, ոչ թե գործը, դրա համար էլ իրենք հետ են մնում ամենից, իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Սերն ամենակարևոր շարժիչ ուժն է, առանց սիրո ոչինչ չի կատարվում:
Կարինե Հարությունյան