կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-01 10:46
Հասարակություն

Ճանապարհի ընտրությունը

Ճանապարհի ընտրությունը

«Սիրո եւ հանդուրժողության հեղափոխությունից» երեք ամիս անց հայաստանյան մթնոլորտը թունավորված է ատելության եւ անհանդուրժողության տրամադրությամբ: Այս տրամադրությունը, եռք տալով սոցցանցերում եւ լրատվամիջոցներում բաժանարար գծեր է ստեղծում հասարակության մեջ, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակության պառակտմանը:

Ազատ, այլընտրանքային տեսակետ արտահայտելը դարձել է մեղք, որի համար մարդը կարող է ենթարկվել հարձակումների, հայհոյանքների ու պիտակավորումների:

Ո՞ւր մնացին սերն ու հանդուրժողությունը, ա՞յս ճանապարհն է, որ պետք է տանի ազգային համերաշխության, խթանի ներգաղթն ու նպաստի երկրի շենացման համար անհրաժեշտ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Իշխանափոխությունից հետո, նոր կառավարողների առջեւ ծառացած են առաջնային անելիքների ճշգրտման հարցերը:

Բնական են միջոցառումները երկրի զարգացումը կաշկանդող երեւույթների դեմ, որոնց առկայությամբ հնարավոր չէ ապահովել առաջընթացի ազատ, օրինական, հավասար պայմաններ:

Միաժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ այս արատներն ունեն համակարգային բնույթ եւ հիմնական խնդիրը իրավական դաշտի բարեփոխումն է, հասարակական հարաբերությունների առողջացումը, եւ իհարկե երկրի սոցիալ-տնտեսական կացության բարելավումը:

Դժվար է վիճարկել, որ այս ճանապարհին անհնար է խուսափել կոռուպցիոն երեւույթների բացահայտման անհրաժեշտությունից, սակայն այս գործընթացը չպետք է վերածվի հետապնդումների, հաշվեհարդարների, հանրության կենսական խնդիրների լուծման դժվարին աշխատանքին փոխարինող աղմկոտ միջոցառումների:

Նշված մտահոգություներին անդրադարձել էր փորձագետ՝ Բելոռուսի եւ Վրաստանի նախկին դեսպան Յալովիցը: Ըստ «Առավոտ> թերթի հունիսի 28-ի հրապարակման, հարցազրույց տալով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին՝ վերջինս ասում է.«Չափազանց գովելի են նոր իշխանությունների քայլերն ընդդեմ կոռումպացված գեներալների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել ավելին: Դա չպետք է դառնա որոշ գործիչների դեմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության, դատական համակարգերում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների տարանջատում»:

Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ նախկին դեսպանն ասում է. «Սահակաշվիլիի իշխանությունը սկսեց հետապնդել օլիգարխներին և կոռումպացված գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցվում բաց, թափանցիկ իրավական գործընթացներով, այլ ընդամենը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպես ճնշման միջոց, որի արդյունքում շատ մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մեկ այլ դրսևորում էր: Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել դրանից»:

Հակված չեմ գերագնահատելու մեր ներքին խնդիրների վերաբերյալ օտարների մոտեցումների նշանակությունը, միաժամանակ չենք կարող հաշվի չառնել, որ ներհայաստանյան գործընթացների բնույթով է պայմանավորված երկրի հեղինակության հարցը միջազգային ասպարեզում: Չենք կարող ներքին մթնոլորտի լարմանը տանող երեւույթները չգնահատել նաեւ սահմանային գոտու վրա դրանց հնարավոր ազդեցության տեսանկյունից:

Արդյո՞ք քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլ առումներով երկիրն ունի բավարար ներուժ, հավանական լարումների եւ անկայունության վիճակները հաջողությամբ դիմագրավելու համար: Չմոռանանք նաեւ, որ այսօրվա կառավարող ուժը իշխանության է եկել «փողոցի» ճնշմամբ եւ հենց ամուր լեգիտիմության պահանջով է պայմանավորված հնարավոր կարճ ժամկետներում ընտրություններ անցկացնելու ծրագիրը:

Այս մարտահրավերները պահանջում են, որպեսզի երկիրն ունենա կայուն եւ կանխատեսելի զարգացում, իշխանությունը վայելի ներսի համընդհանուր հավանությունը եւ դրսի վստահությունը:
Վերջինին նպաստող հանգամանք չէ իհարկե, այս պահին, «Մարտի 1-2-ի» գործի վերաբացումը, Հանրապետության երկրորդ նախագահի ձերբակալությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործի հարուցումն ու հետկանչի գործընթացը եւ չի բացառվում, այս գործի մեջ, հնչեղ, նոր անունների ներգրավումը: Դժվար է ասել ինչ ավարտ կունենան այս դատական գործընթացները, բայց գրեթե վստահ եմ, որ վերջիններիս հասարակական-քաղաքական բացասական հետեւանքները կլինեն բավականին զգալի:

Երկրի, թեկուզ նախկին, Նախագահի կալանավորումը սովորական միջոցառում չէ, դժվար է համընդհանուր համոզում ստեղծել, թե 10 տարի առաջվա ընտրությունների արդյունքներին այսպիսի ընթացք տալը քաղաքական դրդապատճառներ չունի:

Սովորական միջոցառումներից չէ նաեւ քրեական հանցագործության կասկածանքի հիման վրա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ետ կանչելը: Այս քայլը հարված է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Վերջապես այս ամենը Հայաստանի հետ բոլոր գործակցողների աչքում չի կարող կասկածի տակ չդնել Հանրապետության նոր իշխանությունների վարկն ու հուսալիությունը՝ երկարատեւ ժամանակահատված երկրի ներսում կայունություն ապահովելու եւ հեռանկարային գործընկերության առումով:

Որ իշխանության քայլերը կարող են դուրս գալ սոսկ երկրում օրինականության հաստատման նպատակադրումների դաշտից կարծում եմ կասկածների տեղիք է տվել Ամերիկյան իշխանությունների մոտ, որոնք երկրորդ անգամ արդեն գործող պետական ինստիտուտի՝ պետդեպարտամենտի մակարդակով արված հայտարարությամբ, որը տարածվեց հուլիսի 28-ին, նրբորեն զգուշացրել են. «Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն, ի պատասխան խնդրանքի, մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը»:

«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», – ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը»:

Կարճ ասած կտրուկ եւ զգացական քայլերով Հայաստանի իշխանություններն իրենց եւ իրենց հետ երկիրը կանգնեցնում են սայթակուն ճանապարհի վրա:

Հ.Գ. Հեքիաթներում, որոնցում դրսեւորվում է կենսափորձից բխող ժողովրդական իմաստնությունը հաճախ ասվում է.«Այս ճանապարհով գնաս, այստեղ կհասնես, մյուս ճանապարհով գնաս այն մյուս տեղը կհասնես»: Ամեն ինչ այս աշխարհում բազմիցս կրկնվել է եւ ենթակա է որոշակի օրինաչափության:

Ցավոք նախորդ շրջանների մեր իշխանություններին օրինակ խաբեց չափից դուրս ինքնավստահությունը, այնինչ հենց այն պահից, երբ հայտարարում էին թե.«Մեր դեմ խաղ չկա», «Դեռ երկար ժամանակ մեր գրասենյակից է որոշվելու Հայաստանի ապագան» նույն պահից նրանք կանգնում էին այն ճանապարհի վրա, որը տանում էր դեպի իրենց կործանումը:

Արտաշես Շահբազյան