Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 17-ին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը աշխատանքային շրջայց իրականացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներ: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ իրականացրած այցի ընթացքում նախարարը հանդիպեց այնտեղ պահվող` ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի հետ:
Հայտնի է, որ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ Վարդան Պետրոսյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն մեր երկրում, այլև Սփյուռքում, մասնավորապես` ֆրանսաբնակ մեր հայրենակիցների շրջանում:
Այդ առումով նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերում են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին: Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվեց դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրեց նրա պահման պայմանները:
Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտեց, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից որևէ բողոք չունի: Նա ընդգծեց նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնեց, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին:
«Պարո'ն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենահայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմեց դերասանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել:
Վարդան Պետրոսյանը շնորհակալությունը հայտնեց նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար: Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն հայտնեց դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում` արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի, և համոզմունք հայտնեց, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը նշեց, որ Վարդանի երկրպագուներից է, եւ նրան նվիրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք: Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն: