Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքների նախագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քաղաքական ենթատեքստով հարց ուղղեց ԿԳ նախարարին: Խոսելով կրթական համակարգի մասին՝ նա նշեց, որ ԿԳ նախարարի կուսակցական լինելը խանգարում է այդ համակարգի զարգացմանը:
«Կառավարության անդամները, միասին վերցրած, այդքան հանրապետական չեն, որքան Դուք: Կան նախարարներ, ովքեր վերկուսակցական պետք է լինեն»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ 500 հազար աշակերտ ունեցող նախարարության ղեկավարի` հանրապետական լինելը հակացուցված է:
Արամ Մանուկյանի խոսքով` օրենքը չի արգելում, որ ԿԳ նախարարը կուսակցական լինի, սակայն իր ասածը Աշոտյանի անձին չի վերաբերում, այլ նրան, որ ԿԳ ղեկավարը չպետք է զբաղվի կուսակցական գործունեությամբ: «Բայց Դուք կուլ եք տալիս այն կուտը, որը ես տալիս եմ, ու ամբողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս, այսպես չի կարելի»,- ասաց Արամ Մանուկյանը:
«Չեմ կարող չպատասխանել, այստեղ չպատասխանեմ` «Ֆեյսբուք»-ում կգրեմ: Ես այստեղ գալիս եմ որպես կրթության նախարար, որպես զուտ, զտարյուն կրթական համակարգի ներկայացուցիչ: Այդ Դուք եք անընդհատ հանրապետականացնում իմ ելույթները, Դուք եք անում ամեն ինչ, որ շեղեք կրթության խնդիրներից դեպի քաղաքական դաշտ: Դուք եք ինձ ստիպում պարբերաբար հանդես գալ քաղաքական պատասխաններով»,- ասաց նախարարը` հավելելով, որ կառավարությունը ձևավորել է հաղթող Հանրապետական կուսակցությունը, որը և իրականացնում է իր ծրագրային դրույթները, և այդքանով է սահմանափակվում իր` կուսակցական լինելը:
«Բայց թե ինչ կանեմ ժամը վեցից հետո, ինչ կանեմ շաբաթ-կիրակի օրերին, որպես կուսակցական, ներեցեք, իմ անձնական գործն է: Այո, լինում են դեպքեր, երբ ես քաղաքական գործունեության մեջ կուտ եմ կուլ տալիս, բայց եթե հաշվարկենք, կստացվի, որ ես ավելի շատ կուտ եմ տվել, քան կուլ տվել»,- ասաց Արմեն Աշոտյանը: