կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-02 16:05
Իրավական

Վկան դատարանում կուլ էր տվել բջջային հեռախոսի քարտը` ընկերոջը չբացահայտելու համար

Վկան դատարանում կուլ էր տվել բջջային հեռախոսի քարտը` ընկերոջը չբացահայտելու համար

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

 

-Ինչո՞վ էր առանձնահատուկ 2014-ը Ձեզ համար` կարիերայում, ընտանիքում:

-Փաստաբանի կարիերան մեզանում դարձել է մշտական պայքար` հանուն մարդու իրավունքների` անկախ տարվանից: Իսկ ընտանիքում երկու գերազանցիկ աշակերտ տղաներ են մեծանում, ինչն արդեն բավարար առանձնահատկություն է:

 

-2014-ին իրավական ոլորտում արված ամենամեծ բարեփոխումը, որի դրական հետևանքներն ուղղակի զգալի էին:

-Ամենամեծ փոփոխությունը Քննչական կոմիտեի ստեղծումն էր, որի հետևանքների մասին դեռ վաղ է խոսել, առայժմ միայն ՔԿ լրատվական ծառայության աշխատանքն է աչքի ընկնում: Ինչ վերաբերում է դրական հետևանքներով բարեփոխումներին` հույսերով սպասենք ապագային:


-Տարվա ամենամեծ սխալը, որը մեծ հարված հասցրեց արդարադատության համակարգին:

-Ընդհանրապես, անկախության բոլոր տարիների, այդ թվում` անցնող տարվա հիմնական սխալը անկախ դատական համակարգ ձևավորելու կամքի շարունակական բացակայությունն է:

 

-Ո՞րն է 2014-ի ամենաաղմկահարույց դատական գործը, որին հետևել եք, ի՞նչ հետևություններ կարելի է անել դրանից:

-Հետևել եմ Վարդան Պետրոսյանի գործի քննությանը: Նոր դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու ակնհայտ անհրաժեշտության պայմաններում դրա նշանակման մասին միջնորդության մերժումը, սակայն հուսադրող հանգամանք չեմ համարում` գործի արդարացի լուծման տեսանկյունից:

 

-Ամենամեծ հիասթափությունը:

-Առանց ապացույցների մեղադրական դատավճիռներն էին (Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով, «Մանանա Գրեյն»-ից 56 միլիոն դրամի գողության հայտնի գործով և այլն):

 

-Ամենամեծ սուտը, որ լսեցիք դատարանում:

-Ոստիկանության ավտոմեքենայում Արգիշտի Կիվիրյանի կողմից ինքնավնասման մասին երեք ոստիկանի կողմից տրված ցուցմունքներն էին, որոնք տրագիկոմեդիայի ժանրից էին:


-Սովորաբար շատ են զավեշտալի դեպքեր պատահում դատական նիստերի ընթացքում: 2014-ին պատահածներից ո՞րն էր ամենացնցողը:

-Կրկին հիշեմ Արգիշտի Կիվիրյանի դատավարությունից մի դրվագ, երբ, այսպես կոչված, վկաներից մեկն իրեն դատարան ուղարկած ոստիկանին չբացահայտելու համար հարցաքննության պահին կուլ տվեց իր բջջային հեռախոսի քարտը:

 

-2015-ից Ձեր ակնկալիքներն ու մաղթանքը:

-Նախ` բոլորիս մաղթում եմ առողջություն ու առանց տնտեսական ցնցումների տարի: Իրավական համակարգի կարևորագույն սպասելիքն, անշուշտ, նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունումն է լինելու: Հույս ունեմ, որ այն, այնուամենայնիվ, կընդունվի առանց նախագծում պարունակվող մի քանի վտանգավոր կարգավորումների ու կդառնա իրավակիրառ համակարգում իրապես որակ ստեղծող իրավական ակտ: