կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-16 13:58
Հասարակություն

«Նոր Նորք վերելակ» ընկերությունն անհիմն բարձրացրել է վերելակների սպասարկման վճարները

«Նոր Նորք վերելակ» ընկերությունն անհիմն բարձրացրել է վերելակների սպասարկման վճարները

ՏՄՊՊՀ-ին բողոքով դիմել են Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ եւ տեղեկացրել, որ իրենց համայնքում մոտ 35 տոկոսով բարձրացվել են վերելակների սպասարկման վճարները: Նշված խնդրի ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովը դիմել է  «Նոր Նորք վերելակ» ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել  պարզաբանումներ և փաստաթղթային հիմնավորումներ' վերոնշյալ խնդրի հետ կապված:

 

Ընկերությունը գրավոր կերպով Հանձնաժողովին տեղեկացրել է, որ վճարների բարձրացումը պայմանավորված է որոշակի ծախսերի և հարկերի բարձրացմամբ: Տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ սպասարկման վճարի 35  տոկոս բարձրացումը անհիմն է, եւ սպասարկման վճարը պետք է բարձրացվեր ոչ թե 35, այլ 25 տոկոսով միայն:

 

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ սա առաջին դեպքն է, որ հանձնաժողովը նման հարց է քննարկում:  Նրա խոսքերով' քանի որ «Նոր Նորք վերելակը» իրականացնում է Նոր Նորք վարչական շրջանում առկա 592 վերելակներից  492 -ի սպասարկումը, այսինքն, ըստ էության, գերիշխող դիրք ունի, ապա հավանաբար օգտվել է իր գերիշխող դիրքից ու փորձել քաղաքացիներին պարտադրել այն չափով թանկացում, ինչքան ինքն է ցանկացել: Այս դեպքում բնակիչները, միեւնույն է, չէին կարողանա օգտվել այլ ընկերության ծառայությունից, քանի որ այդպիսին չկա, ուստի ստիպված պետք է համաձայնեին:

 

Ընկերության գլխավոր  տնօրեն Արայիկ Միսակյանը, ով մասնակցում էր հանձնաժողովի նիստին, հայտնեց, որ համաձայն է ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված դիտարկումներին ու առաջարկություններին: Ընկերությունն, ընդունում է, որ իրենց կողմից կատարվել է գնային անհիմն բարձրացում, եւ արդեն իսկ սկսել է վերանայել կնքված պայմանագրերը, ու հիմա ծառայություններ է  մատուցում ոչ թե նախկինի պես' 35 տոկսով ավելի թանկ, այլ սպասարկման վճարները թանկացրել է ընդամենը 25 տոկոսով:

 

Հաշվի առնելով այս հանգամանքը՝  ՏՄՊՊՀ-ը որոշեց բավարարվել միայն՝ ընկերությանը խիստ նախազգուշացում տալով, եւ սահմանեց, որ  մեկշաբաթյա ժամկետում «Նոր Նորք վերելակ» ՍՊԸ-ն պետք է ավարտի բոլոր պայմանագրերի վերանայումը՝ սակագները նվազեցնելով չհիմնավորված բարձրացման չափով: