Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թրաֆիքինգի մասին` ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանը դասակարգման երկրորդ խմբից տեղափոխվել է առաջին խումբ, որտեղ 180 երկրներից 30-ն են ընդգրկված: Սակայն դեռևս խնդիր է մնում թրաֆիքինգի զոհերի աջակցության և անվտանգության ինստիտուտների կայացումը: Նախորդ տարի ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի նախագիծը: Yerkir.am-ը զրուցեց օրինագծի հեղինակ, ոստիկանության ԿՀԴՊ 3-րդ վարչության պետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանի հետ:
-Պարո'ն Պետրոսյան, ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում, որոնք շտկելու համար նախաձեռնվեց օրենքի մշակումը:
-Նախաձեռնությունը Թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդինն էր: Ոստիկանությանը հանձնարարվեց այս օրենքի մշակումը: Ներկայումս գործում է կառավարության որոշմամբ հաստատված` թրաֆիքինգի ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը, որն ունի մի շարք թերություններ: Կան նաև հակասություններ ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին կոնվենցիայի հետ, ինչն էլ ֆիքսել էր Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագիտական խումբը` Group of Experts on Action against Trafficking in Human Beings (GRETA)-ն, հայաստանյան օրենսդրական դաշտն ուսումնասիրելուց հետո:
-Մասնավորապես ո՞ր խնդիրների մասին է խոսքը:
-Օրինակ` կարգով նախատեսվում է եռափուլ աջակցություն, և յուրաքանչյուր փուլը համապատասխանեցված է զոհի որոշակի կարգավիճակին: Նախնական նույնացված զոհին տրվում է նախնական աջակցություն, միջանկյալ և վերջնական նույնացված անձանց, համապատասխանաբար, միջանկյալ և վերջնական աջակցություն: Եվ եթե նախնական նույնացում կարող են կատարել բոլորը, մասնավորապես` թրաֆիքինգի զոհերի հետ աշխատող ՀԿ-ները, միջանկյալ և վերջնական նույնացումը կատարվում է քրեադատավարական պրոցեսների արդյունքում: Միջանկյալ նույնացված զոհ է համարվում նա, ով թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործով ճանաչվում է տուժող, իսկ վերջնական զոհ, երբ այդ քրեական գործով կա դատավճիռ: Սա կոնվենցիային հակասող հիմնական դրույթն է, քանի որ զոհին աջակցությունը որևէ կերպ չպետք է կախված լինի նրանից, թե արդյո՞ք զոհը համագործակցում է իրավապահ մարմինների հետ, թե` ոչ, քրեական որևէ գործով անցնո՞ւմ է, թե՞ ոչ:
Օրենքի նախագծում այս մոտեցումը լիովին փոխվել է: Գոյություն է ունենալու միափուլ նույնացում, որը կատարվելու է հատուկ ստեղծված նույնացման հանձնաժողովի կողմից: Եվ, անկախ անձի քրեադատավարական գործընթացների հետ կապից, նույնացման հանձնաժողովը իրավասու է անձին ճանաչել որպես զոհ, և նա կկարողանա օգտվել աջակցության մի շարք տեսակներից, անգամ միանվագ դրամական փոխահատուցում ստանալ:
-Իսկ ինչպե՞ս է որոշվելու աջակցության, դրամական փոխահատուցման չափը, այն բոլորի համար նո՞ւյնն է լինելու:
-Աջակցությունը տրամադրվում է` հաշվի առնելով զոհի կարիքները, այլ ոչ թե նրա շահագործման ծանրության աստիճանը: Չափերն ու տրամադրման կարգը օրենքի ընդունումից հետո պետք է սահմանի կառավարությունը: Մենք տարբեր քննարկումներից հետո ենք եկել այդ եզրահանգմանը, որ պետք է կառավարությունը սահմանի, որովհետև կառավարության որոշումներն ավելի ճկուն են` փոփոխություններ կատարելու առումով, քան օրենքները:
-Իսկ միանվագ դրամական փոխհատուցում ո՞ր դեպքերում պիտի տրվի:
-Միանվագ օգնությունը մասնակիորեն է փոխհատուցում զոհի կրած վնասները: Այն նախատեսված է բոլորի համար, ովքեր նույնացվել են որպես թրաֆիքինգի զոհ: Այստեղ մի կարևոր բան կա: Ըստ նախագծի` միանվագ փոխահատուցումը տրվում է վերջում, երբ զոհ ճանաչվելուց հետո անձը ստանում է աջակցության մյուս բոլոր տեսակները և պատրաստ է վերաինտեգրման հասարակությանը:
-Միանվագ դրամական փոխհատուցումը տրվելու է պետակա՞ն բյուջեից:
-Ոչ միայն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կստեղծվի ֆոնդ, որը կհամալրվի և' պետբյուջեից, և' մասնավոր անձանց նվիրատվություններից, և' միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից, այսինքն` միջոցների հավաքագրումն ազատ է լինելու: Եվ այդ միջոցների հաշվին էլ կհատկացվեն միանվագ փոխհատուցումները, ինչպեսև աջակցության այն տեսակները, որոնք այլ օրենքներով երաշխավորված չեն պետության կողմից, օրինակ` զոհի վերադարձը հայրենիք և այլն:
-Խոսենք նաև զոհերի անվտանգության խնդիրների մասին: GRETA-ն նույնպես մատնանշել է զոհերի պաշտպանության ինստիտուտի` կայացած չլինելու մասին:
-Այս դեպքում նախ պետք է տարանջատել զոհերին և քրեական դատավարությանը մասնակից անձանց: Նախ նշեմ, որ ցանկացած անձ, ում անվտանգությունը ռիսկի տակ է դրվում, կարող է դիմել ոստիկանություն: Բացի դրանից` այս օրենքը հստակ սահմանում է, որ զոհերի պաշտպանությունն ապահովող մարմինը ոստիկանությունն է: Պաշտպանության միջոց է դիտվում զոհին անվտանգ վայր տեղափոխելը կամ նրան օրինական ներկայացուցչով ապահովելը, եթե ծնողները ներգրավված են հանցանքի մեջ կամ վտանգում են երեխայի ապագան: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ ՀԿ-ները դիմել են մեզ, որ ապահովենք ինչ-որ զոհի անվտանգությունը: Դրանք եղել են նրա վրա ազդելու դեպքեր, ոչ սպառնալիքներ: Եվ մենք, որպես բարի կամքի դրսևորում, ապահովել ենք զոհի անվտանգությունը:
-Այսինքն`իսկապե՞ս բարի կամքի դրսևորում է եղել, և ոչ պարտականություն:
-Այո: Իսկ այս օրենքի շրջանակներում, բարի կամքից դրդված, խնդրանքը կատարելը և պարտականություններից դուրս արված աշխատանքն արդեն կսահմանվի որպես գործառույթ և կսահմանափակվի նաև խնդրանքը մերժելը: Իրականում այս օրենքը հեշտացնելու է մեր գործը:
-Դուք նշում էիք, որ «Ոստիկանական պահպանության մասին» օրինագծի շրջանակներում նախատեսվում է ոստիկանությունում ստորաբաժանում ստեղծել, որի նպատակը զոհերի անվտանգությունն ապահովելն է լինելու:
-Ստորաբաժանումը նախատեսված է լինելու քրեական դատավարությանը մասնակից անձանց անվտանգությունը ապահովելու համար: (Թրաֆիքինգի զոհը կարող է նաև չլինել քրեական դատավարության մասնակից –Ա.Կ.): Եվ, բացի ֆիզիկական անվտանգությունից, կան նաև մի շարք այլ պաշտպանության միջոցներ, որոնք ոստիկականության գործառույթներից դուրս են, օրինակ` արտաքինի փոփոխում` պլաստիկ վիրահատությամբ:
-Ծանո՞թ եք ԱԺ ՕԵԿ խմբակցության կողմից ներկայացված «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» օրինագծին, որն այս տարվա մարտին է ներկայացվել կառավարությանը:
-Կարդացել եմ: Տարբեր գերատեսչությունների ուղարկվել է, նաև մեզ է ուղարկվել: Մեր դիրքորոշումը կառավարությանը հայտնել ենք գրավոր: Նշել ենք` քանի որ ոստիկանության կողմից մշակված օրինագիծն արդեն իսկ շրջանառվել է, անցել է բոլոր ընթացակարգերը, շատ մանրամասն քննարկվել է և' աշխատանքային խմբում, և' Թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդում, ուղարկվել է միջազգային փորձագիտական քննության, GRETA-ի փորձագետի հետ է քննարկվել, մենք գտել ենք ոչ նպատակահարմար այդ օրինագծի հետագա քննարկումները:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞վ է բացատրվում այն, որ ՕԵԿ-ի ներկայացրած օրինագիծն ունի գրեթե նույն կառուցվածքը, շարադրված է նույն տերմինաբանությամբ: Ի՞նչ է սա նշանակում:
-Կյանքում շատ են անբացատրելի բաները: Միայն կարող եմ ֆիքսել, որ ոստիկանության կողմից մշակված մեր նախագիծը կատարումն է Ա. Գևորգյանի` նախորդ տարվա հունիսի 22-ին տրված հանձնարարականի: Մենք մշակել ենք, քննարկման է դրվել, դրանից հետո վերջնական տեսքի է բերվել, լրամշակվել, ուղարկվել ԱԺ: Սա այն ընթացքն է, որն անցել է մեր նախագիծը:
Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ