Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ նյութական վնասի փոխհատուցում սահմանող օրինագիծն արդեն իսկ ներկայացվել է խորհրդարանին, և այն արդեն շրջանառության մեջ է: Համաձայն դրա` որոշակի փոփոխություններ պետք է արվեն Քաղաքացիական օրենսգրքում: Yerkir.am-ը զրուցեց այս ինստիտուտի ներդրման ուղղակի նախաձեռնողներ` իրավաբան Արա Ղազարյանի ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, ովքեր խիստ վերապահումներով են մոտենում նախագծին` նշելով, որ հեղինակները հաշվի չեն առել մի շարք նրբություններ:
-Նախագիծը նայելուց հետո ի՞նչ կարծիք ունեք դրա մասին: Արդյո՞ք կատարվել է Սահմանադրական դատարանի որոշման պահանջը (Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա է ՍԴ-ն ընդունել ՍԴՈ-1121 որոշումը, համաձայն որի` Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է հակասահմանադրական և դրույթի անվավեր ճանաչման վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 1-ը` ժամանակ տալով օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարելու համար):
Արա Ղազարյան - Ես այսպես չէի պատկերացնում: Ես կարծում էի, որ բոլոր իրավահարաբերությունները, երբ կարող է առաջ գալ վեճ, ընդգրկված կլինեին օրինագծում: Բայց այստեղ շատ ցածր շեմ է վերցված և վերաբերում է միայն չորս տեսակի իրավահարաբերությունների` կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, ազատության և անձնական կյանքի անձեռնմխելիություն և անարդարացի դատապարտում: Սրանք բոլորը մարդու հիմնարար իրավունքներ են, բայց մարդու իրավունքների շրջանակը շատ ավելին է: Այսինքն` շատ գծուծ մոտեցում է ցուցաբերվել:
Արտակ Զեյնալյան – Նախ` ես խնդիրը տեսնում եմ Քաղաքացիական օրենսգրքով կարգավորումներ անելու մեջ: Այս նախագծում հարցը վերաբերում է պետության կողմից չարդարացված և ապօրինի միջամտությունների հետևանքով անձի կրած ոչ նյութական վնասի փոխհատուցմանը: Ուստի, մեր համոզմամբ, այս կարգավորումը պետք է արվեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում: Ինչ նշվում է այստեղ, վերաբերում է վարչաիրավական հարաբերություններին:
Հիմա անդրադառնանաք նրան, թե արդյո՞ք այս նախագիծը Սահմանադրական դատարան դիմած անձին (Արթուր Խաչատրյանին –Ա.Կ.) հնարավորություն տալիս է վերականգնելու իր իրավունքները: Ոչ, չի տալիս: Անձի արդար դատաքննության իրավունքը խախտված է եղել, նրան չի տրամադրվել ոչ նյութական վնասի փոխհատուցում, ՍԴ-ն ճանաչել է այդ իրավունքի խախտումը և նաև գտել է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցումը մարդուն հակասահմանադրական վիճակի մեջ է դրել: Այսինքն` օրենքի հեղինակները հաշվի չեն առել արդար դատաքննության իրավունքի հանգամանքը: Սա ուղղակի, կարծում եմ, ձևական նախաձեռնություն է, իրականում նպատակ չի հետապնդում կատարել պետության պարտականությունը` ապահովել մարդկանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը:
-Նախագծում հղում է արվում միայն Եվրակոնվենցիային: Ինչո՞ւ: Գուցե պատճառն այն է, որ հիմնականում հենց Եվրակոնվենցիայի այդ մի քանի հոդվածների հիմքով է Հայաստանը պարտվում ՄԻԵԴ-ում:
Արտակ Զեյնալյան - Ինչ-որ տեղ ոչ պրոֆեսիոնալ է հղում կատարել միայն կոնվենցիոն իրավունքներին, եթե այդ նույն իրավունքը, անկախ այն բանից, Կոնվենցիայում ամրագրված է, թե` ոչ, մենք դա ունենք: Եվ Սահմանադրությամբ է դա ամրագրված: Եվ սա Սահմանադրության, սահմանադրական իրավունքների հանդեպ հարգանքի բացակայությամբ է պայմանավորված:
Արա Ղազարյան - Կոնվենցիան մի փաստաթուղթ է, որն օժանդակ է Սահմանադրությանը, չեմ ասում` ստորադաս է: Ես չեմ ասում, թե սա օտարամոլություն է, բայց սա թերություն է: Եթե մենք օրենք ենք ընդունում, այն նախևառաջ պետք է հիմնված լինի Սահմանադրության վրա` մեր Հիմնական օրենքի վրա:
-Խոսենք նաև փոխհատուցման չափերի մասին, որոնք սահմանվելու են նոր 1087.2 հոդվածի 7-րդ կետով: Եվ, կարծես, առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է: Արդյո՞ք դրանք բավարար փոխհատուցումներ կարող են լինել:
Արա Ղազարյան - Տեսեք` Գրիշա Վիրաբյանի գործով Եվրադատարանի կողմից սահմանված փոխհատուցման չափը եղել է 25 հազար եվրո (մոտ 14 միլիոն դրամ): Գրիշան ուզում էր բավական մեծ գումար, ես դեմ էի, քանի որ դա ողջամիտ չէր, բայց ես չէի էլ ասում` արի 2000 դոլար ուզենք: Ուսումնասիրել ենք նախադեպերը` մոտ 10-15 գործ, և որոշել ենք, որ ողջամիտը կլինի 25-30 հազար եվրոն: Եվ դատարանը բավարարեց պահանջը:
Արտակ Զեյնալյան - Այս պարագայում` մարդու օրգանի կորուստ է եղել: Եվ Հայաստանի համար նման դեպքում արդեն իսկ կա արդարադատության շեմ: Եվ սահմանել մեկ միլիոն դրամ նման դեպքերի համար` անհամաչափ է ու հակասահմանադրական, հակակոնվենցիոն է: Կամ երբ ոստիկանության կողմից գործադրված անհամաչափ ուժի արդյունքում մարդ է զոհվել, դրա համար տրամադրել մեկ միլիոն դրամի փոխահատուցում` անարդարացի է:
Արա Ղազարյան - Մենք ունեցել ենք գործ «Հայկական Ժամանակ»-ի դեմ, երբ վիրավորանքի և զրպարտության համար անձինք փոխհատուցում են ստացել 2 միլիոն դրամ: Այսինքն` ստացվում է, որ վիրավորանքի և զրպարտության համար ավելի շատ փոխհատուցում կարելի է ստանալ, քան խոշտանգումների և մյուս հանցագործությունների դեպքում:
Խնդիրն այն է, որ կա եվրոպական նախադեպային հսկայական ժառանգություն, և ունենք Սահմանադրություն, որը սահմանում է սոցիալական և հիմնական իրավունքներ, և մենք դրանք արդյունավետ օգտագործելու փոխարեն դրանցից վերցնում ենք այնքանը, որքան պետք է եվրոպական մարմիններին հաշվետվություն տալու համար:
-Լավ, ո՞ւմ է ձեռնտու, որ օրենքն իր նպատակին չծառայի:
Արա Ղազարյան – Նրանց, ովքեր համակարգում վերընտրվելու խնդիր ունեն: Ես ասել եմ, որ այս նախագիծը պետք է նաև զսպող ազդեցություն ունենա, սակայն օրենքն այս տեսքով զսպող ազդեցություն չի ունենա: Ծիծաղելի գումարներ են: Ես չեմ ասում` պետությանը պետք է պատժել, սակայն պետք է հնարավորինս փոխհատուցվի, մյուս կողմից` զսպող հատկություն ունենա: Մեկ տարի կամ հինգ տարի մարդուն անարդարացի բանտում պահես, հետո ասես` ներողություն, առ քեզ 500 հազարը, և վե՞րջ: Եվ կշարունակեն խախտվել իրավունքները:
Արտակ Զեյնալյան – Փոխհատուցման իրավունքն այն կանխարգելումը կարող է լինել, որ մարդուն, ոստիկանությունում ծեծելով, չեն սպանի, ոստիկանությունում էնքան չեն ծեծի, որ ականջաթաղանթները պայթեն, որ նա ստիպված խոստովանի, որ բռնաբարություն ու սպանություն է կատարել:
-Ասացիք, որ, չնայած թերություններին, չեղածից լավ է այս նախագիծը: Գուցե սա առաջին քայլն է, հետագայում կկատարելագործվի:
Արա Ղազարյան -Եթե մենք սկսենք մխիթարվել դրանով, ապա պետք է ուրախ լինենք, որ դեռևս ԵԽ անդամ ենք, որովհետև եթե ՌԴ-ն դուրս գա ԵԽ-ից, ապա գուցե մեզ էլ ստիպի դուրս գալ:
Արտակ Զեյնալյան - Ես կարծում եմ, որ եթե մերժվի այս նախագիծը, ապա ստիպված կլինեն ավելի լավը գրել: Հակառակ դեպքում` եվրոպացիների աչքերին թոզ են փչելու, և մի քանի տարի հետաձգվելու է մարդու իրավունքների պաշտպանությունն այս ոլորտում:
-Նախատեսվում է, որ այս նախագիծն օրինական ուժի մեջ պետք է մտնի նոյեմբերի 1-ին: Արդյո՞ք դրանից հետո արդեն հին գործերով մարդիկ կարող են դիմել դատարան և ոչ նյութական փոխհատուցում պահանջել:
Արտակ Զեյնալյան – Եթե հիմա մարդիկ դիմեն դատարան, ապա ես կարծում եմ, որ պետք է գործերը կասեցվեն մինչև ՍԴ որոշման համապատասխան դրույթի ուժի մեջ մտնելու պահը: Այսինքն` դատավորները պետք է կասեցնեն գործի վարույթը մինչև հոկտեմբերի 1-ը:
Զրուցեց Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ