Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության` մայիսի 15-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշման նախագիծ, որի հաստատմամբ կառավարությունը հավանության կարժանացնի «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշումը: Որոշման նույն նախագծով արդեն էկոնոմիկայի նախարարին հրահանգվում է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովին` ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:
Ուշագրավ են այս որոշման կայացման հարցում կառավարության դիրքորոշումն ու հիմնավորումները, որոնց համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում քննարկման առարկա է դարձնել մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը կամ դրանցում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման հարցը: Ուստի պետական գույքի կառավարման վարչությունը գրություններով դիմել է լիազորված պետական կառավարման մարմիններին՝ մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը, ինչպես նաև այդ ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման կամ դրանցում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն` «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչև օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը համարում է ոչ նպատակահարմար և առաջարկում, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց:
Դե ինչ, խոսքերն ավելորդ են, նշենք միայն, որ, էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն, ընկերության ակտիվներն իրենցից ներկայացնում են 22 հատ հիմնական միջոցներ՝ 9 միլիոն 794 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, 17 միլիոն 669 հազար դրամ այլ' ոչ ընթացիկ ակտիվներ և 413 հազար դրամ այլ ընթացիկ ակտիվներ: Ընկերությունն անշարժ գույք չունի:
Ըստ ներկայացված տվյալների' ընկերության պարտավորությունները կազմում են՝ 17 միլիոն 5 հազար դրամ երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ, 671 հազար դրամ հարկային պարտավորություններ, 2 միլիոն 931 հազար դրամի կրեդիտորական պարտքեր աշխատավարձի գծով և 15 հազար դրամի այլ ընթացիկ պարտավորություններ, ընդհանուր' 20 միլիոն 622 հազար դրամի: