կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 18:22
Հասարակություն

Պետական բաժնեմասով եւս մեկ ընկերություն կլուծարվի

Պետական բաժնեմասով եւս մեկ ընկերություն կլուծարվի

Կառավարության վաղվա նիստում կքննվի «Սեպտիկշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

 

Համաձայն որոշման նախագծի' կառավարությունը բնապահպանության նախարարին կհանձնարարի  ապահովել   պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը «Սեպտիկշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:

 

Թե ինչու է լուծարվում ընկերությունը, որպես հիմնավորում, կառավարության կողմից նշվում է, թե 2014թ. հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 59-րդ կետով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պետք է ճշգրտի ՀՀ պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում գրանցված՝ մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը, իրականացնի այդ ընկերությունների գույքի կազմի, պարտավորությունների, արտադրական հնարավորությունների, գործունեության հեռանկարների վերլուծություն և արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություններ, այդ թվում` նաև լուծարման վերաբերյալ: 

 

Պետական գույքի կառավարման վարչությունը, ըստ ներկայացված հիմնավորումների,  գրություններով դիմել է լիազորված պետական կառավարման մարմիններին՝ մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը, ինչպես նաև այդ ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

 

«ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն «Սեպտիկշին» ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 40 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը ստեղծվելով 2010թ.-ին մինչև օրս գործունեություն չի ծավալել, ՀՀ բնապահպանության նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար և ներկայացրել է ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Վիլլաշին» ՍՊԸ-ի առաջարկությունը՝ «Սեպտիկշին» ՓԲԸ-ի լուծարման վերաբերյալ»,- նշվում է որոշման հիմնավորումներում:

 

Ուշագրավ է, որ բնապահպանության նախարարության տեղեկատվության համաձայն' ընկերությունը գույք, այլ ակտիվներ, ինչպես նաև պարտավորություններ չունի, այնինչ` այդ կարգավիճակով գոյատևել է 4 տարի: Հետևաբար, նաև որոշակի' թեկուզ նվազագույն ծախսեր առաջացրել են: Ու թե ինչքան ծախսեր է առաջացրել պետական բյուջեի համար այս ընկերությունը, ինչ տեսակի գործունեություն պետք է ծավալեր, որ չի արել, գործունեություն չծավալելու արդյունքում պետությանն ինչքան կամ ինչ վնաս է պատճառել, քանի որ նախատեսված գործունեությունը չծավալելը նույնպես վնաս է նշանակում, նախագծի հիմնավորումներում չի նշվում: