կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 16:30
Մշակույթ

Ներկայի մասին խոսելիս պետք է հիշենք, որ անցյալ ունենք. Դանիել Բարենբոյմ

Ներկայի մասին խոսելիս պետք է հիշենք, որ անցյալ ունենք. Դանիել Բարենբոյմ

Հայաստանում է աշխարհի ամենահին նվագախմբերից մեկը` Բեռլինի պետական նվագախումբը, որը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով` լեգենդար դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարենբոյմը նշեց, որ շրջել է աշխարհի բոլոր ծայրերում, շփվել հայերի հետ և երջանիկ է, որ եկել է մի երկիր, որն աշխարհին տվել է մեծ թվով հանճարներ: Բարենբոյմը, բացի տաղանդավոր դաշնակահար և դիրիժոր լինելուց, նաև ակտիվ քաղաքացի է` չի վախենում իր դիրքորոշումն արտահայտել այս կամ այն խնդրի մասին:

 

«Ես շատ ազատ մարդ եմ, անում ու խոսում եմ` ինչ ուզում, սիրում եմ և երբ ուզում եմ: Գիտեք` դա որպես քաղաքացի եմ անում, քանի որ պարտավորություն ունեմ: Յուրաքանչյուրս ենք պարտավոր պատասխանատու լինել մեր երկրի համար: Պոլ Վալերին մի շատ լավ խոսք ունի` հիշողությունը պետք է նաև ունենա ներկա: Մենք ներկայի մասին խոսելիս պետք է հիշենք, որ անցյալ ունենք, անցյալը պետք է ներկա լինի ներկայում, հակառակ դեպքում `այն դառնում է մեխանիկական հիշողություն: Ցավոք, այս ամենը հայերին ավելի ծանոթ է, քան որևէ այլ ժողովրդի»,- ասաց Բարենբոյմը:

 

Խոսելով երաժշտության մասին`նա նշեց, որ երաժշտությունը միավորում է հոգևոր ու մարմնավոր ուժը, այն համախմբում է մարդկանց, բայց և անհատականություն լինել է պահանջում. «Բառերով դժվար է երաժշտության էությունը բացատրել: Ես պայքարում եմ, որպեսզի դպրոցներում երաժշտությունն անցնեն ինչպես մյուս առարկաները, քանի որ այն զարգացնում է մարդու մտավոր կարողությունները»:

 

Մաեստրոն ասաց նաև, որ իրեն դուր չի գալիս ներկայիս կրթական համակարգն` առհասարակ: Ըստ նրա` աշխարհում կրթության պակաս կա:

 

Անդրադառնալով այսօրվա համերգին` Բարենբոյմն ընդամենը կոչ արեց. «Եկեք և լսեք այն»: