Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե կա հանցանք այս պատմության մեջ, ապա դա միայն տուժողի գործողություններում կարելի է գտնել: Այս միտքն էր շեշտում փաստաբան Մարինե Թովմասյանն իր պաշտպանական ճառում` 16-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու գործով:
Փաստաբանի պնդմամբ` թրաֆիքինգի մասին այս պատմությունը հորինվել է տուժող Արևիկի (անունը փոխված է) կողմից, և դատարանը պարտավոր է օբյեկտիվ գնահատական տալ գործում առկա փաստերին ու դրանք ի վնաս իր պաշտպանյալի` 25-ամյա Ռ.Մ.-ի չմեկնաբանել:
«Շատ վատ քայլ է արել հենց Արևիկը: Նրա հորինած պատմության պատճառով մարդն արդեն երկու տարի անազատության մեջ է, իսկ մեկն էլ 11 տարվա ազատազրկման է դատապարտվել»,- նշեց փաստաբանը:
Նա իր պաշտպանական ճառում նշեց, որ չկա իր պաշտպանյալի մեղադրանքն ապացուցող փաստերի բազա: Հիմնավորված չէ Ռ.Մ.-ի կողմից դիտավորությամբ հանցանք կատարելու փաստը, հիմնավորված չէ այդ քայլին դիմելու միտումը, հավաքագրելու փաստը, ապացուցված չէ նաև, թե ինչ եղանակով է թրաֆիքինգի ենթարկել` բռնությամբ, խաբեությամբ և այլն:
Մ. Թովմասյանը նշեց, որ իր պաշտպանյալի ցուցմունքները լիովին ճիշտ են այն մասով, որ ռուսաստանյան խրճիթը, որտեղ ապրել են, բավականին վատ պայմաններ է ունեցել, և նույնիսկ «նորմալ դանակ չի եղել, որ դեռ Արևիկի կոկորդին դրեր», երբ աղջիկը ծնողների հետ հեռախոսով խոսելիս է եղել:
Փաստաբանը, վկայակոչելով գործով անցնող վկաների ցուցմունքները, նշեց, որ հաստատված է համարվում այն, որ Արևիկը հարկադրված, առավել ևս ֆիզիկապես ծանր աշխատանք չի կատարել: Իսկ հողագործությամբ զբաղվել է գործով մյուս մեղադրյալ, արդեն 11 տարվա ազատազրկման դատապարտված Քրիստինեի և Ռ.Մ-ի հետ հավասար:
Փաստաբանն իր ելույթն ավարտեց` միջնորդելով դատարանին արդարացնել իր պաշտպանյալին` նշելով, որ դատարանը չպետք է հուսախաբված և վրեժխնդրությունից դրդված այս պատմությունը հորինած աղջկա ցուցմունքների հիման վրա դատապարտի Ռ.Մ-ին:
Ի պատասխան պաշտպանի` ռեպլիկով հանդես եկան մեղադրանքը պաշտպանող դատախազ Արիս Բաղդասարյանն ու տուժողի փաստաբան Օլգա Սաֆարյանը:
Դատախազը նշեց, որ Մ. Թովմասյանը գործում առկա ապացույցները մեկնաբանում է յուրովի և իր պաշտպանյալի համար ցանկալի տեսանկյունից` իր խոսքում բազմիցս օգտագործելով «եթե» բառը, ինչը նշանակում է, որ ոչ թե փաստերն է վկայակոչում, այլ ենթադրություններ անում: Եվ այս դեպքում չի անդրադարձել կարևոր մի հանգամանքի` թե ինչո՞ւ է Ռ.Մ-ն իր սիրուհուն` մարմնավաճառ Քիստինեին, Արևիկին ու նրա ծնողներին որպես իր քույր ներկայացրել:
Հիշեցնենք, որ մեղադրյալ Ռ.Մ-ն, համաձայն մեղադրականի, 2011 թվականի հուլիսին իր հանցակցի հետ անչափահաս` 16-ամյա Արեւիկին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով շահագործման նպատակով տեղափոխել էին ՌԴ Մինվոդի քաղաք: Այնտեղ աղջկա փախուստը կանխելու նպատակով վերցրել էին նրա անձնագիրը, ապա, բռնություն գործադրելով, փորձել էին ներգրավել պոռնկության մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: Սակայն տեսնելով, որ աղջիկը դիմադրում է, պարտադրել էին Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ:
Հաջորդ դատական նիստում` մայիսի 22-ին, ամբաստանյալը կասի իր վերջին խոսքը, որից հետո դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ: