կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 12:00
Հասարակություն

Լրագրողն ԱԱԾ-ին խոստովանել է, որ ՀՀ-ում հնարավոր ահաբեկչության մասին լուրը հորինել է

Լրագրողն ԱԱԾ-ին խոստովանել է, որ ՀՀ-ում հնարավոր ահաբեկչության մասին լուրը հորինել է

«168 ժամը» գրում է. «Ազգային անվտանգության ծառայությանը մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ բացատրության տալու նպատակով ԱԱԾ է կանչվել «168 ժամ» օրաթերթի լրագրողը, որն իր հրապարակումներից մեկում նշել էր, թե Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում ասվում է հետևյալը. «168 ժամ» թերթի հունվարի 28-29-ի համարում «Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում» վերնագրով հոդվածում անդրադառնալով տխրահռչակ ահաբեկիչ Դոկու Ումարովի կոչին, թե անհրաժեշտ է Սոչիի օլիմպիադան ձախողել, նյութի հեղինակ Ավետիս Բաբաջանյանը հայտարարել է. «Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ»: Բնականաբար, այս հրապարակումը չէր կարող ուշադրության չարժանանալ անվտանգության մարմինների կողմից և Ավետիս Բաբաջանյանը հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն:

 

Հոդվածի, մասնավորապես «իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ…» դարձվածքի վերաբերյալ տվեց հետևյալ գրավոր բացատրությունը. «Նշված բառակապակցությունն օգտագործել եմ որպես լրագրողական հնարք, հիմնականում հոդվածին սրություն տալու համար: Ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ որևէ աղբյուրի կողմից հոդվածում արծարծված թեմայի մասին ինձ որևէ տեղեկություններ, տվյալներ չեն հաղորդվել»:

 

Այս բացատրությունից արդեն իսկ ակնհայտ է, որ Բաբաջանյանի «հոդվածը» ոչ միայն կեղծագրություն է, այլև լրագրողական լրջմտության ու տարրական պատասխանատվության բացակայության արդյունք: Այն պարզապես, անհիմն ենթադրությունների, անգիտակից շարադրանք է: Լրագրողը չի ջանացել մտածել մարդկանց մասին, որոնք կարդալու են այդ չարագուշակ մտարկումները: Ի դեպ, դրա մասին չի մտածել նաև թերթի խմբագիրը»: