կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 12:12
Քաղաքական

Կտեսնենք` կառավարությունը ինչ ծրագիր է ներկայացնում և կտանք մեր գնահատականը. Աղվան Վարդանյան

Կտեսնենք` կառավարությունը ինչ ծրագիր է ներկայացնում և կտանք մեր գնահատականը. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, որ կառավարությունը բոլոր քաղաքական ուժերից առաջարկներ է սպասում, և Դաշնակցությունը ներկայացնելու է իր մոտեցումները:

 

Նա նշեց, որ Դաշնակցությունը մշակում է այդ առաջարկների ծրագիրը, կմախքն արդեն պատրաստ է, մեկ անգամ ևս կքննարկեն ու այսօր կներկայացնեն կառավարությանը: «Երբ մեզ ինչ-որ աշխատանքներ կամ առաջարկներ անելու հորդոր է արվում, մենք միշտ պատրաստակամ ենք, քանի որ կարծում ենք, որ դրանով կարող ենք օգտակար լինել»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ մոտ 40 կետից բաղկացած առաջարկներ են ներկայացրել:

 

Հարցին` արդյո՞ք կառավարությունը հավանության կտա ՀՅԴ-ի ներկայացրած նախագծին, պատգամավորը պատասխանեց. «Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում: Մեզ խնդրել են, որ առաջարկներ ներկայացնենք, մենք մեր պատկերացումները, որոնք վերաբերում են կառավարության ծրագրին, կներկայացնենք: Թե ի՞նչ կանեն, Աստված իրենց հետ»:

 

Հարցին` արդյո՞ք առաջարկություններ ներկայացնելը չի պարտավորեցնի կուսակցությանը`  կողմ քվեարկել կառավարության ծրագրին, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Մենք ազատ ենք մեր քվեարկության ժամանակ և որևէ կախվածություն չունենք: Եթե մեր ներկայացրած առաջարկները կառավարությունն ընդունի, բնական է, որ դեմ չենք քվեարկի ծրագրին: Կտեսնենք, թե կառավարությունը ինչ ծրագիր է ներկայացնում և կտանք մեր գնահատականը: Կտեսնենք` այս կառավարությունը շարունակո՞ւմ է նախորդ կառավարության ծրագիրը, թե՞ էական փոփոխություններ կան նոր կառավարության ծրագրերում»: