Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն 7 տարի է` մայիսի 9-ին Շուշիի ազատագրման մասնակից, ազատամարտիկ Ներսես Տեր-Պետրոսյանն իր աշխատանքային ընկերների հետ այցելում է Գողթ` նշելու Շուշիի ազատագրման օրը: Այդ օրը Տեր-Պետրոսյանի համար առանձնակի կարևորություն ունի, հատկապես` այն պատճառով, որ հենց Շուշիից է սկսվել նրա մարտական ուղին:
19 տարեկանում կամավոր միանալով Շոշի կամավորկան ջոկատին` մասնակցել է Շուշիի ազատագրմանը, այնուհետև Ֆիզուլիի, Քարվաճառի մարտերին: Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «Ծովակալ Իսակովի» մեդալներով: Տեր-Պետրոսյանը չի սիրում շատերի նման ամեն տեղ հիշեցնել իր ` պատերազմում ունեցած դերի մասին: Ըստ նրա` ճիշտ ազատամարտիկը պետք է համեստ լինի` քիչ պահանջներ ունեցող:
«Կյանքն է այդպիսին: Ղարաբաղում էլ կային մարդիկ, ովքեր կարող էին չեղած բաներ ներկայացնել, և կային տղաներ, ովքեր իրենց խաչն ուսին տանում էին: Հիմա էլ կան կռվին մասնակից մի խումբ մարդիկ, որոնց անուններն անընդհատ հիշատակվում են, մամուլը նրանց պարբերաբար անդրադառնում է, չնայած որոշներն այդ արժանիքները չունեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ազատամարտիկի ներկայիս դերին` Տեր-Պետրոսյանը մի դեպք մտաբերեց. «Ֆիզուլիում զոհված մեր ընկերներից մեկի ընտանիքին, որ սոցիալական կարիքներ ուներ, փորձեցինք օգնել: Խնդրեցինք մեր գյուղապետին` մի հողակտոր հատկացնել այդ ընտանիքին, բայց մեր մարտական ընկերներից մեկն ասաց. «Ի՞նչ է, ես, որ չեմ զոհվել, ինձ հող չի՞ հասնում»: Այսինքն` նյութական շահը կարող է մարդուն խեղդել և փչացնել նրա կերպարը` չնայած նրան, որ նա մարտի դաշտում վատը չի եղել»,- ասաց նա և հավելեց. «Այսօր ազատամարտիկի կերպարը պահելը դժվար է, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ` ոչ, նյութականը կամ այլ շահը փոխում է, փչացնում է»:
Հարցին` արդյո՞ք այսօր ներկայիս սերունդը գնահատում է ազատամարտիկներին, Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Ազատամարտիկի դերն ընդհանուր կերպար չէ, հնարավոր է մի ազատամարտիկի պատկառանքով նայեն, մյուսին` ոչ, օրինակ` ինձ իմ գյուղում հարգում են` որպես ազատամարտիկի, բայց եթե ես ինձ չարդարացնեմ, հնարավոր է` նոր սերունդը չգնահատի»:
Ազատամարտիկը կարծում է, որ մենք նոր սերնդին զրկել ենք հաղթանակի արդյունքներից օգտվելու հնարավորությունից: «Օրինակ` Հայրենական պատերազմով մենք ապրում էինք, հուշարձաներ կառուցում, մեծարումներ անում: Ղարաբաղյան պատերազմ ասելով` մենք հասկանում ենք մեծ-մեծ խոսել, ազատամարտիկի կերպարի արժեզրկում և այլն: Այսօրվա սերունդը քիչ պատկերացում ունի Արցախյան պատերազմի իրականության մասին, շատ բաներ է լսում ` չիմանալով, թե որն է ճիշտը, որը` սխալը: Մենք նոր սերնդին զրկել ենք հաղթանակի արդյունքներից օգտնվելու հնարավորությունից, և հիմա նրանցից ինչ-որ բան պահանջելը ճիշտ չէ»:
Խոսելով բանակում ծառայության մասին` ազատամարտիկը հպարտությամբ է շեշտում, որ երկու որդի ունի, և երբ ժամանակը գա, երկուսն էլ անպայման գնալու են ծառայության: «Բանակը մի դպրոց է, որը եթե չանցնես, թերի մարդ կլինես: Իմ շրջապատում, եթե մարդիկ են լինում, որ իմանում եմ` բանակում չեն ծառայել, հարգանքով չեմ վերաբերվում նրանց»,- ասաց նա:
Տեր-Պետրոսյանը չի ընդունում այն ծնողների մտածելակերպը, ովքեր չեն ցանկանում, որ իրենց որդիներն Արցախում ծառայեն: «Տղամարդու համար կապ չունի, թե որտեղ է ծառայում, կարևորը, որ քեզ կարողանաս, որպես մարդ, դրսևորել»,- եզրափակեց նա: