Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկ շաբաթ առաջ տարբեր լրատվամիջոցներ հայտնեցին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի` «Փյունիկ»-«Գանձասար» (1:1) հանդիպման ընդմիջման ժամանակ դաշտի տերերի պաշտպան Արման Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին:
«Հետաքրքիր է, որ հանդերձարան մարզաշապիկով իջնող ֆուտբոլիստը խաղադաշտ ներխուժեց առանց մարզաշապիկի և մեջքին' կարմիր հետքեր: Պարզ էր, որ այնտեղ նրան հարվածել են»,- գրել էր «Ֆուտբոլ 365» թերթը:
Նույն օրը տեղեկություններ շրջանառվեցին, որ հանդերձարանի ճանապարհին ֆուտբոլիստին է հանդիպել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով Արմանին հայհոյել է` իբրև թե իրեն թարս նայելու համար, սակայն ֆուտբոլիստը չի պատասխանել: Երբ Ռուբեն Հայրապետյանն արդեն սկսել է ֆուտբոլիստի մորը վիրավորել, նա արդեն չի դիմացել եւ պատասխան հայհոյանք է հնչեցրել ու փորձել փախչել, բայց Հայրապետյանի թիկնապահները հասել են նրա հետևից եւ ծեծել: Արման Հովհաննիսյանը, փրկվելու համար, ստիպված վազել է խաղադաշտ:
Ի դեպ, ԶԼՄ-ների հրապարակումները կարող են հանդիսանալ հանցագործության մասին հաղորդում:
Պարզելու համար, թե նշված դեպքն ուշադրության արժանացե՞լ է իրավապահ մարմինների կողմից, Yerkir.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Հետաքրքրվել էինք` արդյո՞ք ուսումնասիրվել են հիշյալ դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, դատախազությունը քայլեր ձեռնարկե՞լ է` լուրի իսկությունը ճշտելու և դեպքի ուսումնասիրությունը ոստիկանությանը հանձնարարելու համար: Նման հանձնարարություն ստանալուց հետո ոստիկաններին մնում էր ընդամենը հարցաքննել ֆուտբոլիստին, ակումբի ղեկավարությանը, ականատեսներին և ֆուտբոլիստի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել:
Ի դեպ, կայքերում առկա են նաև լուսանկարներ, որոնցից որոշակիորեն երևում են ֆուտբոլիստի ուսի հատվածում առկա` հարվածների հետքերը: Բացի այդ` հնարավոր է` խաղը լուսաբանած լուսանկարիչների մոտ գտնվեն չհրապարակված լուսանկարներ, որոնցում ավելի արտահայտիչ են երևում ֆուտբոլիստի մեջքին առկա վնասվածքները:
Այս ամենը, անշուշտ, կօգներ հետաքննություն իրականացնող մարմնին, որ, ի վերջո, պարզեր, թե ինչ է տեղի ունեցել խաղի ընդմիջման ժամանակ, ինչից հետո և պարզ կդառնար քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը:
Ի պատասխան մեր հարցմանը` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ նշված դեպքը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված կարգով:
«Տեղեկացնենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանի կողմից՝ ծեծի ենթարկվելու մասին գրավոր կամ բանավոր հայտարարություն ՀՀ դատախազությունը չի ստացել»,- հայտնեցին դատախազությունից: Նշենք, որ հիշյալ հոդվածում թվարկված են ՀՀ ՔՕ 25 հոդվածների հատկանիշներ, որոնցով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի վերաբերյալ բոլոր հրապարակումներում ակներև հատկանիշները համընկնում են հիմնականում ՀՀ ՔՕ 117-118 հոդվածի հատկանիշների (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և ծեծը) հետ, որոնք ներառված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում: Ի դեպ, նոր քրեական դատավարության օրենսգրքում ԶԼՄ-ների հրապարակումները հանցագործության մասին հաղորդում ընդունելու գործում քչացել է իրավապահների դերը, մեծ մասամբ նման դեպքերին ընթացք տալը թողնվել է տուժողի հայեցողությանը:
Փաստորեն, ստացվում է, որ եթե տուժողն այդ մասին չի բարձրաձայնել, այսինքն` հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, դեպքին ընթացք չի տրվի: Իսկ մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ վախի մթնոլորտի ազդեցության տակ, մասնավորապես` տարատեսակ սպառնալիքների, աշխատանքը կամ ընտանիքը կորցնելու վտանգը գիտակցելու պարագաներում տուժողը խուսափի իրավապահներին դիմելուց:
Նշենք, որ նման դեպքերի վրա օրենքի շղարշով աչք փակելը նախադրյալներ է ստեղծում երկրում ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար: Սեփական անձն ամեն տեղ ընդգծելու մոլուցքով տարված օլիգարխ պաշտոնյաները շարունակում են իրենց սև գործը` խեղում մարդկանց ճակատագրերը: Նման պարագայում մեզ մնում է միայն հերթական պատեհ առիթն օգտագործել և հիշեցնել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` արդեն թևավոր խոսք դարձած արտահայտությունը. «Բազմանում են սրիկաները, բազմանում...»:
Թ. Մ.