|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է բեմադրելու իշխանությունը։ Այս անգամ՝ Ազգային ժողովում։ Հանրային քննարկում են նախաձեռնել «Մարտի 1֊ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում։ Քաղաքական պատասխանատվությունը։ «Մարտի 1֊ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի գործով լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական» երկար վերնագրով։
Հարկ է նշել, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011 թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։
Եվրոպական դատարանը մի քանի անգամ օգտագործում է. «դատարանին որեւէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որեւէ տեղեկատվություն կամ ապացույց» եւ նմանատիպ ձեւակերպումներ։
Այսինքն՝ ընթացել է ոչ մրցակցային դատավարություն, ինչը բնական է՝ Փաշինյանի կառավարությունը նրա մեղավորությունն ապացուցող փաստեր չէր ներկայացնելու։ Իսկ որ մարտի 1֊ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկը ինքն էր, ակնհայտ է։ Դատարանը նաեւ արձանագրել էր, որ ցույցերը խաղաղ չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ, այլ առարկաներ նետելով եւ լուրջ վնաս հասցներով պետական եւ մասնավոր սեփականությանը։ Հիշեցնենք՝ մարտի 1-ին զոհվել է նաեւ երկու ոստիկան, իսկ 100-ից ավելին վիրավորվել են։
Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ՝ չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։
Կարեւոր է նաեւ, որ դատարանը որպես խախտում դիտարկում է մահվան դեպքերով ոչ արդյունավետ քննությունը, ինչը եւս մեծամասամբ այս իշխանության վրա է։
Աբսուրդ է նաեւ այն, որ 2018֊ից հետո վերաբացված մարտի 1֊ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։
Բավական է նայել քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, եւ այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի։
«Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։
Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1֊ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին։
«Հայաստան» խմբակցություն
17 նոյեմբեր, 2025թ.