Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա.Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի նոր հայցի քննությունը: Ձեռնարկատերը պահանջում է ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Վ. Աթայանի նկատմամբ քրեական գործ հարուցել:
Բանն այն է, որ ժամանակին Աթայանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն) ` հայտնելով, որ Մանվել Տեր- Առաքելյանի կողմից բանկին ներկայացված համաձայնագիրն իրականում կեղծ է, և որ նման պայմանագիր բանկը չի ստորագրել: Սակայն հետագայում փորձաքննությամբ հաստատվեց, որ համաձայնագրում ո'չ կնիքն է կեղծված, ո'չ էլ` ստորագրությունը:
2011-ին «Հին Էրիվան»-ի սեփականատերը դիմել էր իրավապահ մարմիններին` պահանջելով սուտ մատնություն կատարելու համար Աթայանի նկատմամբ քրեական գործ հարուցել, սակայն որևէ որոշում չէր կայացվել. նշվել էր, որ այն հանցագործության մասին հաղորդում չի պարունակում: Հետագայում Տեր-Առաքելյանը նույն փաստերի հիման վրա հանցագործության մասին հաղրդում է ներկայացնում, ինչից հետո գործի հարուցումը մերժվում է այն պատճառաբանությամբ, որ հնարավոր է բանկի նախագահը մոռացած լիներ, որ նման համաձայնագիր է ստորագրել, ինչը և դիտվորություն չի պարունակում:
Այժմ Տեր-Առաքելյանը դիմել է դատարան` պահանջելով Աթայանի դեմ քրեական գործ հարուցել: Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով` բանկի ղեկավարը չէր կարող մոռացած լինել այդ պայմանագրի մասին, քանի որ այն դատական վեճի առարկա է եղել: Ըստ փաստաբանի` ինչպե՞ս կարելի էր ենթադրել, որ բանկի նախագահը հնարավոր է մոռացած լինի այդ մասին, եթե նրան չեն հարցաքննել: Այս ամենը պարզ կդառնա, երբ երկու կողմերն էլ դատարանին ներկայացնեն իրենց փաստարկները, սակայն այս գործով դատաքննություն, որպես այդպիսին, մինչ այժմ չի կայացել, քանի որ գործի նախապատրաստական փուլը ձգձգվում է:
Այսօր գործում ներգրավվեց Վ. Աթայանի ներկայացուցիչ Ռիչարդ Կիրակոսյանը, ով միջնորդեց հետաձգել նիստը և իրեն 2-3 օր ժամանակ տրամադրել` գործի նյութերին ծանոթանալու համար: Թեև Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ նյութերն ընդամենը 13 էջ են, և դրանք փաստաբանին ծանոթ են, սակայն Աթայանի ներկայացուցիչը պնդեց, որ չի հասցնի ծանոթանալ նիստի ընթացքում: Բացի այդ` շտապում էր նաև մեղադրող դատախազ Հայկ Էյրամջյանը: Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 21-ին:
Նշենք, որ սա ներկայումս քննվող` «Յունիբանկ»-ի և «Հին Էրիվան»-ի վեճին վերաբերող 3-րդ գործն է: