Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մի հատ շոշափելով` ինձ դարձրեց քաղցկեղով հիվանդ»,- Yerkir.am-ի հետ զրույցում 50-ամյա Մարինե Գալստյանը (կնոջ անունը փոխված է) պատմեց, որ այս տարվա հունվարին հետազոտման է գնացել Հայ-ամերիկյան առողջության (Մամոգրաֆիայի) կենտրոն, ինչն էլ հոգեկան սթրեսների պատճառ է դարձել: Եվ իր զգոնության ու գրագիտության շնորհիվ է, որ առողջությանը վնասող և անտեղի նշանակված հետազոտությունը (կրծքագեղձի բիոպսիա) չի անցել:
«Ինձ մոտ աջ կրծքի տակ աննշան ցավեր կային: Ապահովագրություն ունեի և գնացի Մամոգրաֆիայի կենտրոն, անցա մամոգրաֆիա: Հունվարի 21-ին էր: Բժիշկն ասաց, որ ոչ մի լուրջ խնդիր չունեմ, բայց աջ կրծքում ֆիբրոզ կա, որը տարիքի հետ կապված հորմոնալ փոփոխության հետևանք է»,- պատմեց կինը:
Այնուհետև մամոգրաֆիա անող բժիշկը` ռադիոլոգ Գայանե Հովակիմյանը, նշում է, որ անհրաժեշտ է նաև այլ մասնագետների` էնդոկրինոլոգի, գինեկոլոգի, օնկոլոգի կոնսուլտացիան: Ֆիբրոզ գոյացությունների որևէ չափ ռադիոլոգը չի նշում ախտորոշման մեջ:
Փետրվարի 1-ին տիկին Մարինեն գնում է օնկոլոգ Արմեն Քոչարյանի մոտ. «Նայեց եզրակացությունը, ասաց` պիտի շոշափեմ, տեսնեմ` ինչ է: Շոշափեց ու իբր ինչ-որ բան զգաց, ու մեկ էլ բուժքրոջն ասում է` շտապ զանգի բժշկուհուն, ով արել է մամոգրաֆիան: Ես նրանց զրույցից հասկանում եմ, որ Հովակիմյանն ասում է, թե կարելի է երեք ամիս հետո կրկնել մամոգրաֆիան, և որ ես հսկողության տակ պիտի լինեմ: Ինքն էլ ասում է, որ, ոչ, կարող է հետո ուշ լինել, ես նշանակում եմ շտապ բիոպսիա»:
Բժիշկ Ա. Քոչարյանը շոշափելով զննելուց հետո նշում է, որ կինը դիմել է «աջ կրծքագեղձի վերին կենտրոնական շրջանի ուռուցքանման գոյացության առկայությունից» գանգատով, ախտորոշում է «օջախային ֆիբրոզ-մաստոպատիա», նշանակում է մոտ վեց հետազոտություն անցնել, այդ թվում` նաև քաղցկեղային հակածին «Օնկոմարկեր» և հյուսվածքաբանական բիոպսիա (Core biopsy):
«Պարզվում է, որ ինքն այնպիսի ուժեղ մասնագետ է, որ, մի հատ շոշափելով, որ նույնիսկ իրենց նորագույն ապարատը ցույց չտվեց, ինքը տեսավ, և ենթադրում է, որ ուռուցք է, ու նշանակում է` անալիզներ, բիոպսիա … Եվ ինձ պատրաստում է վիրահատության»,- պատմում է տիկին Մարինեն եւ շարունակում, որ անալիզները հանձնելուց հետո դիմում է այլ մամոլոգ-օնկոլոգների, ովքեր նշում են, որ Մամոգրաֆիայի կենտրոնի ռադիոլոգի և օնկոլոգի տված ախտորոշումները, կարծես, տարբեր երկու մարդկանց վերաբերեն: Անալիզների պատասխանները լինում են մաքուր, որևէ խնդիր հայտնաբերված չի լինում:
Սակայն այսքանով տիկին Մարինեն չի բավարարվում, դիմում է նաև «Նաիրի» ԲԿ եկած գերմանացի օնկոլոգ, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնին. «Մարտի 3-ին գնում եմ պրոֆեսոր Զոնի մոտ` իմ բոլոր փաստաթղթերով: Թարգամանչուհին իրեն ներկայացնում էր: Նա շատ անհանգստացած վիճակում էր, ինքն ինձից երևի ավելի էր կարմրել ջղայնությունից: Ասաց, որ եթե դա լիներ Գերմանիայում, ապա այդ բժշկին լիցենզիայից կզրկեին առնվազն տասը տարով»: Պրոֆեսոր Զոնը նշում է, որ կա թույլ ֆիբրոզ (բառացի թարգմանությամբ` աննկատելի գոյացություն):
Տիկին Մարինեի գործում խնդրահարույց է մի քանի հարց` ինչպե՞ս է բժիշկը, ձեռքով շոշափելով, գտնում «օջախային ֆիբրոզը», եթե մամոգրաֆիայի ժամանակ ռադիոլոգը այն չի տեսնում, ինչո՞ւ ռադիոլոգը ֆիբրոզի չափը չի նշում, ինչը կարևոր ցուցանիշ է հետագա բուժում կամ հետազոտություններ նշանակելու համար, և վերջապես` ինչո՞ւ է նշանակվում բիոպսիա, որը համարվում է ռիսկային հետազոտություն:
Այս հարցերի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցեց տիկին Մարինեին զննած բժիշկ-օնկոլոգ Արմեն Քոչարյանի հետ: Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ բժիշկը շոշափելով գտնի գոյացությունը, եթե այն ռադիոլոգի կողմից չի հայտնաբերվել, Ա. Քոչարյանը պատասխանեց. «Մամոգրաֆիան ամենաինֆորմատիվն է կրծքագեղի հիվանդությունների հետազոտման հարցում: Ինչքան էլ բժիշկը տաղանդավոր լինի, նրա ձեռքը ռենտգեն ճառագայթ չէ»:
Ա. Քոչարյանը կարևորեց նաև ռադիոլոգի կողմից գոյացության չափերը նշելը: Հարցին, թե արդյո՞ք բիոպսիա նշանակելիս կարևոր է ֆիբրոզի չափը, պատասխանում է. «Հիմնականում` այո: Կան յուրահատուկ դեպքեր, երբ որոշումը միանշանակ կայացնում է բժիշկը»:
Իսկ այս հարցում չեզոք մասնագետ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիայի բաժնի վարիչ Անդրեյ Մինասյանցը Yerkir.am-ին այսպես պատասխանեց. «Որպես կանոն` օջախի չափը պետք է նշվի ռադիոլոգի կողմից: Ես էլ կարող եմ ռենտգեն ժապավենները նայել, ու այնպես չի, որ չեմ հասկանում, բայց մեկնաբանությունը պետք է անի պրոֆեսիոնալը, այսինքն` ռադիոլոգը»:
«Ո՞ր դեպքերում է նշանակվում բիոպսիա հետազոտությունը» հարցին Արմեն Քոչարյանը պատասխանում է. «Եթե մենք նշանակում ենք բիոպսիա, ապա դեպքերի 85-90 տոկոսի դեպքում ունենք քաղցկեղի կասկած և հիմնավոր կասկած: Երբեք բիոպսիա չի նշանակվում, եթե չի արվել մամոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա կամ սոնոգրաֆիա: Միայն այդդ հետազոտությունների հիման վրա օջախային առակայությունը հիմնավորված լինելու դեպքում է արվում բիոպսիա»: Գրեթե նույնը նշում է նաև Ա. Մինասյանցը` հավելելով, որ եթե ռադիոլոգի կողմից հայտնաբերվածը «մեկնաբանվում է որպես անհանգիստ, ապա դա արդեն բիոպսիայի ցուցում է»:
Կանանց հիմնական մասը նախապաշարմունքներով է անցնում բիոպսիա հետազոտությունը: Բիոպսիա նշանակում է կենսազննում, երբ որևէ օրգանից, այս դեպքում` կրծքագեղձից վերցվում է նմուշ, Core բիոպսիայի դեպքում` հյուսվածք, որը հետազոտվում է և տրվում է գրեթե 100 տոկոսանոց պատասխան հիվանդության կամ դրա բացակայության վերաբերյալ: Արմեն Քոչարյանը նշում է, որ այս հետազոտությունն անվտանգ է, իսկ արդյունքները` գրեթե կատարյալ:
Այնինչ, Ա. Մինասյանի խոսքով, այնուամենայնիվ, հետազոտությունը ռիսկային է. «Բիոպսիայից վախենալ պետք չէ, թեև, բոլոր տվյալներով, բիոպսիան չնչին ռիսկի գործոն ունի կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդանալու համար: Սակայն այն, որ կարող է 100 տոկոս քաղցկեղով հիվանդանալու պատճառ լինել, կամ թե ուռուցքը «գազազեցնում է», միանշանակ ճիշտ չէ»:
Թե ո՞ր դեպքերում և ի՞նչ ռիսկայնություն ունի բիոպսիան կարդում ենք նաև անգլալեզու և ռուսալեզու աղբյուրներում, որոնք կրկնում են մեր մասնագետներին: Սակայն բիոպսիայի` ոչ այնքան անվտանգ լինելը հետաքրքիր կերպով երևում է ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի կայքում տեղադրված թեստի միջոցով: Դիցուք` կինը, ով նախկինում բիոպսիա չի անցել, ունի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդալու 0.3% հավանականություն, իսկ երբ այս նույն տվյալներով կինը ունենում է բիոպսիա, ապա քաղցկեղով հիվանդալու հավանականությունը մեծանում է 0.5%-ով:
Ինչևիցե, անկախ վերոնշյալ դիտարկումներից, Yerkir.am-ի հետ զրույցում թե' Արմեն Քոչարյանը, թե' Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշում են, որ տիկին Մարինեի դեպքում որևէ սխալ չի եղել. «Ես ոչ մի անհանգստացնող բան էդտեղ չեմ տեսնում, երբ բժիշկը նշանակում է բիոպսիա, կամ առաջարկվում են այլ անալիզներ: Ես ոչ մի կրիմինալ կամ վատ արարք չեմ տեսնում, որովհետև մարդն իր աշխատանքն է անում: Հնարավոր է, որ տիկնոջն այդ բոլորը չառաջարկվեր, և մի քանի ամիս հետո նա գար և ասեր` ինչո՞ւ չէիք առաջարկում»,- նշեց Խաչանուշ Հակոբյանը:
Հոդվածի վրա աշխատելու ընթացքում պարզում ենք, որ բիոպսիան բավական թանկ հետազոտություն է, դրա վերջնական արդյունքն ունենալու համար հիվանդը կարող է ծախսել մոտ 70 հազար դրամ: Պարզվում է նաև, որ տիկին Մարինեին զննած ռադիոլոգ Գայանե Հովակիմյանը օնկոլոգ Արմեն Քոչարյանի կինն է:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք այստեղ էլ «պասերով» աշխատաոճի մասին է խոսքը, Խ. Հակոբյանը պատասխանեց. «Հիմա որ իրենք ամուսիններ են, ի՞նչ անենք, թույլ չտա՞նք, որ իրար հետ աշխատեն: Էստեղ «պաս տալու» խնդիր չկա, սիրելի'ս: Ասեմ` ինչու: Մեր ճառագայթաբանները ստանում են իրենց ֆիքսված աշխատավարձերը, իսկ ինչ վերաբերում է օնկոլոգի կոնսուլատացիային, այցելուն վճարում է դրամարկղում, ստանում է իր չեկը և գնում: Ի՞նչ օգուտ կարող է ունենալ մեր օնկոլոգն իր կնոջից: Մեր ամբողջ կենտրոնը ընտանիքի նման է աշխատում, որովհետև հիվանդ կիսելու խնդիր չունեն»:
Խ. Հակոբյանի խոսքից ենթադրվում է, որ օնկոլոգը ֆիքսված աշխատավարձ չի ստանում, և նրա եկամուտը կարող է կախված լինել կատարած վիրահատություններից, բիոպսիաներից և այլն: Իսկ Ա. Քոչարյանին ուղղված այն հարցին, թե արդյո՞ք բիոպսիա նշանակելուց հետո հենց ինքն էլ կատարում է այն, պատասխանում է` այո:
Իսկ, ընդհանուր առմամբ, կենտրոնում նշում են, որ իրենց մոտեցումը ճիշտ է, իսկ թե ո՞վ է սխալվել, ցույց կտան տարիները: «Չկա բժշկական սխալ, կա պացիենտի կողմից հիպերռեակցիա»,- այսպես է բնութագրում խնդիրը Ա. Քոչարյանը:
Տեղադրում ենք նաև բժշկական փաստաթղթերի պատճենները:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ