կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-26 16:35
Հասարակություն

Բժշկի համար ամենամեծ շնորհակալությունը հիվանդի գոհունակությունն է. Լևոն Ալթունյան

Բժշկի համար ամենամեծ շնորհակալությունը հիվանդի գոհունակությունն է. Լևոն Ալթունյան

«25 տարի շարունակ դուք եկել եք ձեր նախաձեռնություններով։ Այսօր մեր նախաձեռնությամբ հրավիրել ենք շնորհակալություն հայտնելու 25-ամյա բեղմնավոր ձեր գործունեության համար։ 1992 թվականին դուք հանդես եք եկել մի նախաձեռնությամբ, որն իսկապես լույս է բերել հայի աչքերին` մեր հայրենակիցներին հնարավորություն տալով տեսնելու և ապրելու լիարժեք կյանքով»,-ընդունելով Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանի գլխավորած բազմանդամ պատվիրակությանը` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Պատվիրակության թվում էին ինչպես ԱՄՆ-ի, ՄԵծ Բրիտանիայի և այլ երկրների ճանաչված ակնաբույժներ, ովքեր երկար տարիներ մասնագիտական անգնահատելի աջակցություն են ցուցաբերում նախագծին, այնպես էլ ծրագիրը քաջալերող և ֆինանսավորող բարերարներ։

Նախարարն ընդգծել է, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ ակնաբուժությունն այսօր Հայաստանում առաջատար ոլորտներից մեկն է։ Նա կարևորել է նաև ՀԱՆ-ի հայաստանյան թիմի` գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի և բժշկական տնօրեն Ալեքսանդր Մալայանի ներդրումը։

ՀԱՆ-ի նախագահ Ռոջեր Օհանիսյանը ևս բարձր գնահատելով Հայաստանում աշխատող թիմի և հայ բժիշկների գործունեությունը` խոստովանել է, որ շատ դեպքերում ծրագրերն իրականացվել են Ալեքսանդր Մալայանի հորդորով, քանի որ նա ավելի քաջատեղյակ է եղել երկրի կարիքների և առաջնահերթ խնդիրների մասին։

Նախարարին ներկայացվել են Հայաստանում ակնաբուժական կլինիկաների ծավալման, Մանկական կուրության կանխարգելման բարձրակարգ կենտրոնի ստեղծման և դրանց աշխատանքների շարունակականության ապահովման, բժիշկների վերապատրաստման և այլ ծրագրերում առանցքային դերակատարություն ունեցող ճանաչված մասնագետները։

Լևոն Ալթունյանը Հայաստանի ամբողջ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բոլորին անչափ կարևոր և երկարամյա առողջապահական ծրագրի իրականացման համար։

«Ես պարզապես խոսքեր չեմ գտնում հայ ժողովրդի երախտիքը Ռոջեր Օհանիսյանին հայտնելու համար։ Ձեր մարդասիրական առաքելության, Ձեր հայրենանվեր գործունեության հանդեպ որևէ մեկը չի կարող անտարբեր գտնվել»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Ռոջեր Օհանիսյանը և Ալեքսանդր Մալայանը պատվիրակության անունից շնորհակալություն են հայտնել նախարարին` ընդգծելով, որ նախագիծը, ի դեմս նախարարության, շարունակում է իր թիկունքին զգալ հուսալի գործընկերոջ աջակցությունը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանին, նախագծի բժշկական տնօրեն և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

«Բժշկի համար ամենամեծ շնորհակալությունը հիվանդի գոհունակությունն է, վստահությամբ ու հավատով լի նրա հայացքը, աշակերտների հիացմունքը։ Այնուհանդերձ նախարարությունը ցանկացել է այս կերպ արտահայտել իր երախտիքը 25-ամյա գործունեությամբ արձանագրված ձեռքբերումների համար»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարը բարձր է գնահատել նաև նախագծի բոլոր բարերարների մարդասիրական և հայանվեր գործունեությունը։