կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 13:22
Քաղաքական

Աշոտյանը պատվաբեր է համարում «սոցցանցերի նախարարի պաշտոնը»

Աշոտյանը պատվաբեր է համարում «սոցցանցերի նախարարի պաշտոնը»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իրեն «սոցցանցերի նախարարի պաշտոն» տալու ֆեյսբուքյան առաջարկին կատակով է վերաբերվում, այդ «պաշտոնն» էլ` շատ պատվաբեր համարում: Իսկ արդեն լուրջ, նա այսօր լրագրողներին ասաց, որ «Դեմ եմ» նախաձեռնությունը թափ առավ հենց ֆեյսբուքյան տեղեկատվական հարթակների շնորհիվ, եւ եթե նրանք այդ հարթակն օգտագործում են, ինչո՞ւ ինքն էլ չօգտագործի:

 

Ինչ վերաբերում է երեկվա բողոքի ակցիային, ապա Աշոտյանը համարում է, որ փողոցը շատ հարմար տեղ է խնդիրներ բարձրացնելու համար, բայց հարմար տեղ չէ խնդիրները քննարկելու համար, այդ պատճառով էլ երեկ չի իջել պարտադիր կուտակայինի դեմ բողոքող` կրթության ոլորտի ներկայացուցիչների մոտ:

 

Նախարարը նշեց, որ ինքը երեկ հրավիրել է մանկավարժներին նախարարություն' քննարկելու թե' այդ, թե', առհասարակ, կրթության ոլորտին առնչվող այլ հարցեր, սակայն մերժվել է, բայց քանի որ մանկավարժների հետ ոլորտի խնդիրները քննարկելը միշտ բովանդակային է, կրկին հրավիրում է նրանց նախարարություն' քննարկման:

 

Երեկվա բողոքի ակցիայի մասնակիցների բարձրացրած խնդիրը, Աշոտյանի խոսքով, ըստ էության, լուծված է, քանի որ նոր կառավարությունն այս հարցի կապակցությամբ հրապարակել է իր մոտեցումը' Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ դե ֆակտո կասեցվում է պարտադիր բաղադրիչը:

 

«Որքանով ես տեղյակ եմ, այս ընթացքում այն աշխատակիցներից, ովքեր գրում են դիմումներ եւ խնդրում են պահումներ չանել, նրանց աշխատավարձերից պահումներ չեն անում»,- նշեց նախարարը:

 

Լրագրողները հետաքրքրվեցին' լսո՞ւմ էր նա ցուցարարների վանկարկումները, ինչին Աշոտյանը պատըասխանեց, որ այդ ժամանակ աշխատանքի էր, և ծիծաղելի համարեց պնդումը, թե ինքը նախարարությունում չէր, հակառակ դեպքում` ինչո՞ւ էր ցուցարարների ներկայացուցիչներին հրավիրում նախարարություն: