կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 21:52
Հասարակություն

Պատվաբեր հարգանք համեստ զինվորին

Պատվաբեր հարգանք համեստ զինվորին

Ֆիդայական շարժման ներկայացուցիչներին նվիրված Կոմսի հուշերում անդրադարձ կա Մորուք Սամվելի (Սամվել Սաֆար Պետրոսյան) գործունեությանը: Մորուք Սամվելը ծնվել էր 1887թ. Վասպուրականի Սպարկերտ-Կեղս գյուղում: Երբ թուրքերի կողմից գրեթե ամբողջովին կոտորվել էր նրա հարազատ գյուղի հայ բնակչությունը, Սամվելը կարողացել էր փրկվել, ապաստանելով քրդերի մոտ, իսկ հետո, դարձել էր անվանի հայդուկ, ով նաև գտել ու սպանել էր իր գերդաստանը վերացնող թուրք մարդասպաններին:

Վերջին նահանջի ընթացքում, անվանի ֆիդային, Անդրանիկ Շավոյանի խմբում ընդգրկված մարտընկերների հետ հանգրվանել էր Իրաքում: Սկզբնապես հաստատվել էր Բասրայում, ապա, Էրգրին ավելի մոտ լինելու նպատակով, տեղափոխվել էր Բաղդադ, որտեղ մահկանացուն էր կնքել 1932 թ. փետրվարի 29-ին: Կոմսը Մորուք Սամվելի մասին պատումն ավարտում է հետևյակ խոսքերով, թե կյանքի վերջին օրերին մենակ մնացած նվիրյալ ֆիդայու շիրիմին ո՞վ պիտի գնա այցի նրա ընկերներից, ո՞վ պետք է խունկ ծխեցնի, աղոթք անի, Էրկրից հող բերի և լցնի Սամվելի գերեզմանի վրա:

Կարդալով Կոմսի այս խոսքերը և ազդվելով դրանցից` Բասրայի հայկական համայնքի ատենապետ Խաժակ Վարդանյանը որոշում է Իրաք վերադառնալուն պես փնտրել և գտնել մոռացության մատնված քաջ ֆիդայու շիրիմը և կյանքի կոչել Կոմսի պատգամը: Մեկ տարվա փնտրտուքից հետո Բաղդադում գտնում է գերեզմանը, մաքրում է մոլախոտերից շիրմաքարը: Այժմ մտահոգությունն ուրիշ էր. ինչպե՞ս  կարող էր կազմակերպել  Մորուք Սամվելի աճյունի տեղափոխությունը քաղաքի հայկական եկեղեցու բակ և այն ամփոփել խաչքարի հսկողության ներքո հանգչող այլ զինապարտ ֆիդայիների` Լևոն Շաղոյանի ու Ազատ Սիմոնյանի կողքին: Այդ գործի թույլտվությունն առնում է ազգային  ու եկեղեցական մարմիններից: Մեկնում է Արևմտյան Հայաստան: Սուլուխի կամրջի մոտից մեկ ափ հող է բերում, որին խառնում է Էջմիածնից վերցրած հողը և Արագածի գագաթից քարակտորը:

2018թ. վերջո ի կատար է ածում հոգու պարտքը: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների շրջանակում մայիսի 28-ին տեղի է ունեցել Մորուք Սամվելի աճյունի տեղափոխման պաշտոնական արարողությունը, որին, համայնքի անդամներից բացի, մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ նույնպես:

Խաժակ Վարդանյանի խիղճն այժմ հանգիստ է, քանի որ գիտակցում է, թե իր արածով երախտապարտ է եղել բոլոր ֆիդայիներին: Նրանց սխրագործությունների և մղած զինված պայքարի շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին տասնյակ հազարավոր հայեր, որոնցից շատերն ապաստանեցին նաև Իրաքում և այլ երկրներում: